ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ կտա Հայաստանին «Տարվա երկիր» կոչումը
2018-12-19 18:15:38

Արմինե Գեւորգյան 
«Ռադիոլուր»

Երեկ երեկոյան հայտնել էինք, որ Բրիտանական հեղինակավոր The Economist  պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Ո՞ր երկիրն է, որ անցած 12 ամիսների ընթացքում բարեփոխվել է. պարբերականի կարծիքով դա հենց Հայաստանն է:

Այս տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլ հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:

Հանդեսը նշել է,որ  փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության, ու  այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ խարիզմատիկ բնութագրում է տվել, ասելով, որ  նախկին պատգամավորը օրինական ձևով եկել է իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ 

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ պարբերականի այս հրապարակումը միայն դրական ազդեցություն կունենա, քանի որ այս հանդեսը բավականին հեղինակավոր է ու այստեղ տեղ են հեղինակավոր մարդկանց դիտարկումները:

Վահանգն Խաչատրյանին հարցնում  ենք արդյո՞ք նման հրապարակումները կնպաստեն ներդրումային  քաղաքականություն  իրականացնելուն:  Զրուցակիցս նշում է, որ դրա մասին վաղ է խոսել, քանի որ առնվազն մեկ տարի է  պետք,  որպեսզի բարեփոխումների շոշափելի արդյուքներն իրենց զգացնել տան:

Այս օրերին  Հանրային  Ռադիոյում է  գերմանացի լրագրող Քրիստոֆ Լանցը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ազդեցիկ մարդիկ կարդում են այդ պարբերականը, հետևաբար նույն այդ ազդեցիկ մարդիկ կարդում են նաև Հայաստան երկրի մասին:

The Economist-ը նկատում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Այդպես, օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր զանգվածային ցույցերի ու անկարգություններ թատերաբեմ է, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց: