ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համազգային թատրոնը՝ նոր ծրագրերով ու 2019-ի անելիքով
2018-12-20 17:51:31

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

Դեկտեմբերի 19-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Վերջինի որոշմամբ էլ երեկ Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Նարինե Գրիգորյանը:

Նրանք այսօր հանդես են եկել  մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Համազգայինի ճակատագրի ու հետագա անելիքի վերաբերյալ իրենց մոտեցումները:


0:00
0:00

Երեկ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Նավասարդյանի առջև դրված ամենահրատապ խնդիրը՝ վերացնել այն թերությունները, որոնք խանգարում են հատկապես հանդիսատեսին, այն է՝ հնամաշ բեմ, պատառոտված կուլիսներ և այլն:

Հիմնանորոգման չեն պատրաստվում, թերևս թեթև շտկումներ միայն, քանի որ Համազգային թատրոնի շենքի վերակառուցման խնդիրն առաջնային օրակարգում է: Թատրոնի ստեղծագործական ծրագրերի ու, ինչպես ասում են, գեղարվեստական մասով պատասխանատուն այսուհետ Նարինե Գրիգորյանն է:

«Այնքան շատ ծրագրեր կան, որ թվում է՝ կյանքը չի հերիքելու»,-ասում է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը.

«Հիմնական բեմից զատ թատրոնի նախասրահում նախատեսում ենք ստեղծել թատրոն-սրճարան, ցուցահանդես-ներկայացումներ ենք կազմակերպելու: Մեր աշխատանքում ակտիվորեն ներգրավելու ենք Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին. երիտասարդների կողքին ենք լինելու, ինչպես մեր կողքին են  եղել և մե՛զ են օգնել ժամանակին»:


Մեր ուշադրության առանցքում է լինելու ժամանակակից դրամատուրգիան: Կյանքը փոխվում է, ուրեմն պետք է փոխվի նաև թատրոնը, որպեսզի հետաքրքրի ժամանակակից մարդուն»,-ասում է Նարինե Գրիգորյանը:

Ի դեպ, նրա տեղեկացմամբ`2019-ին Համազգայինի առաջին պրեմիերան տեղի կունենա հունվարի 28-ին. կներկայացնեն ժամանակակից հայ դրամատուրգ Սառա Նալբանդյանի հեղինակած «Պատերազմի խաղալիքները» պիեսի հիման վրա ստեղծված բեմադրությունը: 

Արման Նավասարդյանի խոսքով՝ Համազգային թատրոնի  2019-ի կարևորագույն խնդիրներից է՝ պատշաճորեն նշել թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի 90-ամյակը:

 «Նոր թատերաշրջանը կնվիրեն Վարպետին, հոբելյանական հյուրախաղեր կունենան ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ արտասահմանում: Համազգայինի նորոգված ճեմասրահն այցելուներին առաջիկայում կրկին կդիմավորի Սոս Սարգսյանի մեծադիր լուսանկարով»:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կոլեկտիվի բողոքն ընդդեմ Թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի, դեկտեմբերի 12–ին հանգուցալուծվեց վերջինի հրաժարականի դիմումով: Իսկ ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև նրա կողմից նշանակված Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը:


«Այնուամենայնիվ, ինչու՞ չփորձեցիք աշխատել Սուրեն Շահվերդյանի հետ»,-լրագրողի հարցին ի պատասխան Արման Նավասարդյանն ասաց.

«Պարզապես նրա Թատրոն մտնելու ձևն էր սխալ: Սուրենը սխալ ժամանակին, սխալ տեղում հայտնվեց: Փառք ու պատիվ նրան իր  որոշման համար: Այսօր էլ ես կգրկեի Սուրենին, եթե հանդիպեինք:

Ուզում եմ շնորհակալություն ասել նաև Վիգեն Չալդրանյանին՝ զիջելու համար, որովհետև հակառակ կողմի՝ կոլեկտիվի զիջումը պարզապես կործանելու էր Համազգային թատրոնը»:

«Շատ կցանկանայինք, որ հետագայում Վիգեն Չալդրանյանը համաձայներ աշխատել մեզ հետ: Նախկինում մենք նրա հետ սիրով համագործակցել ենք որպես դերասան և ռեժիսոր, մեր հարաբերությունները չեն ստացվել նրա հետ որպես ղեկավար»,-հավելեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: