ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ովքե՞ր են զբաղեցնելու ԱԺ ղեկավարների աթոռները
2018-12-20 18:59:17

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, թե ում է առաջարկում ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

ԲՀԿ- ն դեռ մտորումների մեջ է, իսկ «Իմ քայլը» դաշինքը երեկ ուշ երեկոյան արդեն հայտարարեց, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ ղեկավարների աթոռները։

0:00
0:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ չեն հստակցրել՝ թե՞ ով կլինի Ազգային ժողովի երրորդ` ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն՝ «Ռադիոլուրին» տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանը՝ փակագծեր չբացելով:

«ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»:

Այսօր հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Դրա մասին մեզ փոխանցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը։ Թեկնածուի անունը, ինչպես ընդգծեց Անի Սամսոնյանը, կուսակցության ներսում ընդունվել է միաձայն:

«Չի կարող մեր մեջ լինել տարաձայնություն»:

Իսկ նախօրեին «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, նախարարի պաշտոնակատարները, ապագա պատգամավորները տեղի ունեցած քննարկման արդյուքնում որոշել են, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջարկվի Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Անդրադառնալով ԱԺ նախագահի իր թեկնածությանը՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել էր, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում:

«Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում, և դա այն պատճառով չէր, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է: Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենաթեթևներից չէր»:

Փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը նշել է, որ մի քանի թեկնածունների անուններ է քննարկվել, սակայն կուսակցության վարչության անդամները միաձայն են որոշում կայացրել թեկնածուների հարցի շուրջ:

«Թեկնածուների քննարկում եղել է վարչության նիստում, եւ ավարտին համաձայնութամբ ներկայացվել եւ քննարկվել են այն թեկնածուների անունները, որոնք ներկայացվեցին այստեղ»:

Իշխող դաշինքում որոշել են նաև խմբակցության ապագա ղեկավարի թեկնածուին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ կարող է փոփոխվել ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը։ Ըստ Ալեն Սիմոնյանի, հստակեցվել են նաեւ այդ պաշտոններում թեկնածուների անունները: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն՝ նա խորհրդարանում գլխավորելու է կրթության, մշակույթի և Սփյուռքի հարցերով հանձնաժողովը:

Մարիոթում նախօրեին տեղի ունեցած քննարկման ժամանակ կառավարության կազմի եւ կառուցվածքի շուրջ քննարկում չի եղել, բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ փոփոխություն կկատարվի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում:

Առաջին փոխվարչապետի պաշտոնը, որն ստեղծվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար, լուծարվում է, կառավարությունը կազմված կլինի վարչապետից, երկու փոխվարչապետերից եւ 12 նախարարներից։

Այսինքն՝ նախարարությունների թիվը նվազում է հինգով։ Ըստ լուրերի՝ կմիավորվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները, տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ կմիանան էներգետիկ ենթակառուցվածքները՝ վերածվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, գործող տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունից կառանձնանա IT հատվածը, կստեղծվի նոր նախարարություն՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության: