ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բորբոքված կրքեր՝ եզդիաբնակ Ֆերիկ համայնքում
2018-12-21 13:00:13

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքում 2004 թ-ին վաճառվել է գյուղի միակ 205 հեկտար արոտավայրը, որի մասին գյուղացիները տեղյակ չեն եղել: Գյուղի ավագանուն ներկայացվել է, որ վաճառվել է Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի վարձակալած 20 հա տարածքը և ավագանին առանց կարդալու ստորագրել է որոշման տակ: Հողը վերջերս վաճառվել է սփյուռքահայի: Գյուղացիներն այժմ արգելում են սեփականատիրոջը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել արոտավայրում:

0:00
0:00

«Մեր գյուղի հողերը՝ արոտավայրերը ծախել են, մենք չենք իմացել, առանց մեր կարծիքը հարցնելու ինչու են ծախել, բա մեր անասուններին ուր տանենք: Մենք նոր ենք իմացել, մեր նոր գյուղապետը թղթերը նայել է ու մեզ ասել», -ասում են գյուղացիները:

Ֆերիկի գյուղապետ Ռուստամ Հասանյանը համայնքի ղեկավար է ընտրվել 2016թ փետրվարին և գյուղի հողերի վաճառքի մասին տեղեկացվել է վերջերս, երբ սփյուռքահայ նոր սեփականատերը փորձել է գծել իր գնած հողատարածքի սահմանը: Պարզվել է, որ գյուղի միակ արոտավայրը՝ շուրջ 205 հա հողատարածքով, 2004թ վաճառվել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդիներին՝ ԱԺ նախկին պատգանավոր Հրանտ Գրիգորյանին և նրա եղբորը՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին: Վաճառքը կազմակերպվել է աճուրդով, սակայն համայնքի բնակիչներն ու ավագանին տեղյակ չեն եղել այդ մասին: Գյուղացիները տեղյակ են, որ իրենց գյուղի հողերից մոտ 20 հա-ը վարձակալել է Զարզանդ Գրիգորյանը և իր մերձավորին վաճառվել է վարձակալած հողատարածքը, քանի որ գնելուց հետո այն երբևէ չի օգտագործվել:

Գործարքը կատարվել է նախկին համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի օրոք, ով գրեթե 15 տարի ղեկավարել է համայնքը:

Ավագանու անդամները պնդում են, որ չեն իմացել ինչ փաստաթղթի տակ են ստորագրել: Մամե Մամոյանն ասաց, որ չեն կարդացել ու ստորագրել են: Եզդիական համայնքի ներկայացուցիչ «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Այսեր Իսայանը լսելով խնդիրը գյուղացիներին տեղեկացրեց, որ պետք է պարզաբանվի գործարքի օրինականությունը միայն իրավական մոտեցմամբ:

Ֆերիկում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Վիճակագրական տվյալներով գրանցված է 481գլուխ խոշոր եղջերավոր և 200 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ունեցած 125 հա վարելահողերը մեծամասամբ դրված է կերային մշակաբույսերի արտադրության տակ:

Եզդիական համայնքում տղամարդիկ դրսում էին հավաքվել, կանայք՝ գյուղապետարանում, որը համայնքի բնակիչներից մեկի տունն է և առաջին հարկի մեկ սենյակն օգտագործվում է, որպես վարչական կառույց: Կանայք մտահոգված են իրենց հետագա ապրելակերպով.

«Մենք անասունով ենք երեխա պահում, մոտավորապես տարեկան 100տ միս ենք վաճառում, օգուտ ենք տալիս Հայաստանին, կաթ ենք հանձնում, հիմա ինչ պետք է անենք, անասուններին որտեղ արածացնենք, ետ տվեք մեր արոտավայրերը»:

Հողերի նոր գնորդը բեյրութահայ Արա Տագեսյանն է, ով արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հորդորին, որոշել էր հայրենիքում ներդրումներ անել:

«Մենք ուզում էինք մեծ հողատարածք, որպեսզի հետո կարողանանք զարգացնել տնտեսությունը, մեր ընտրությունը կանգ առավ Ֆերիկ գյուղի վրա, բայց հիմա խոչընդոտներ ունենք, չգիտեմ ինչպես պետք է լուծվի հարցը: Հողերի գործարքը դեռ կիսատ է, փաստաբան ենք վարձել, որպեսզի առք ու վաճառքի օրինականութունը ստուգվի: Պարտքեր չկային, բայց չգիտեինք, որ այդ հողը գյուղի միակ արոտավայրն է»:

Կրքերը հանդարտեցնելու նպատակով Արա Տագեսյանը փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջոցով գրավոր դիմեց համայնքի ղեկավարին, որպեսզի ծագած խոչընդոտները օրինականության դաշտ բերվեն:

Խնդրահարույց գործարքը թերևս կվիճարկվի դատարնում: