ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմավիրի քաղաքային բյուջեն տնտեսական ուղղվածություն ունի
2018-12-21 17:44:51

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 25-ին  Արմավիր քաղաքի 2019թ բյուջեն ներկայացվելու է ավագանու քննարկմանն ու հաստատմանը: Մինչ այդ բյուջեն դրվել էր հանրային քննարկման:

Հիմնական միջոցներն ուղղվելու են քաղաքի բարեկարգմանը, մանկապարտեզների նորոգմանն ու ջեռուցմանը, կհիմնվի քաղաքի 2-րդ զբոսայգին՝ ոռգման համակարգի կառուցմամբ:

Նախորդ բյուջեից տնտեսված միջոցների հաշվին ավելացել են հաջորդ տարվա ծախսերը:



0:00
0:00

 

Արմավիր քաղաքի  2019թ բյուջեն 2018թ համեմատությամբ տնտեսված միջոցների հաշվին  ավելացել է 22.8 մլն դրամով: Այն տնտեսական ուղղվածություն ունի: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան. «Խնայված միջոցներով ձեռք ենք բերելու 2 հատ տրակտոր, որից մեկը՝ թրթուրավոր, ընդհանուր արժողությամբ  6մլն 420 հազար դրամ, որոնց միջոցով կկատարվի աղբահանություն և հողային ճանապարհների հարթեցում: Առանձնատների հատվածից աղբահանությունն ավելի շուտ կկազմակերպվի»:

Անցնող տարվա համեմատությամբ 2019թ համայնքային բյուջեի եկամուտներն ավելացվել են մոտավորապես  24.6 մլն դրամով, ծախսերը՝ 61 մլն 179 հազար դրամով: Նախատեսվել է կենցաղային աղբի հավաքման համար ձեռք բերել կափարիչով մեծ աղբարկղեր, իսկ խնայված միջոցներով և այլ ծրագրերի միջոցով ՝ նաև աղբատար մասնագիտացված մեքենա:


Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը հետաքրքրվեց, թե որ փողոցներն են լուսավորվել 2018-ին և ինչ է նախատեսվել 2019-ին:

«Առաջին կիսամյակում աշխատանքներ չեն եղել, իսկ 2-րդ կիսամյակում 4 փողոց լուսավորվել է էլ խնայող լեդ լամպերով, այդ թվում նաև Արմավիրի նորակառույց թաղամասերից մեկը՝ 108 թաղամասը: Այս տարի աշխատանքները կշարունակվեն և գիշերային լուսավորություն կունենան 107 թաղամասը, Արարատյան և Սահմանապահների փողոցները..»:

Հաջորդ տարում նախատեսվել  2.8 մլն դրամով ավելացնել մանկապարտեզներին տրվող սնունդը, քանի որ բացվելու են նոր խմբեր: Նոր խմբերի բացումը նախատեսվում է մանկապարտեզների տիպային չօգտագործվող մասնաշենքերի վերանորոգումից հետո: 

«Թիվ 9 մանկապարտեզն ամբողջության  կհիմնանորոգվի, կանցկացվի ջեռուցման համակարգ, թիվ 4 մանկապարտեզի մի մասնաշենքը կնորոգվի, և թիվ 8 մանկապարտեզում կավելացնեն 2 խումբ: Ընդհանուր առմամբ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կավելանա մոտ 200 երեխայով»:

Քաղաքի մանկապարտեզները սովորաբար հունվարից մինչև ապրիլ ամիսը չեն աշխատում, բայց հաջորդ տարի նախատեսվել է մի քանի մանկապարտեզների աշխատանքը շարունակել նաև ձմռան ամիսներին: 2019թ բյուջեի եկամուտների  ավելացումները պայմանավորված են 2018թ նախատեսված մի շարք ծախսերի կրճատմամբ:

Կրճատվել են նաև ինտերնետ և հեռախոսային կապի ծախսերը, ներկայացուցչական, գրենական պիտույքների,ծաղիկների ու ծաղկեպսակների ծախսերը, իսկ այս տարի բենզինի նոր գնումներ չեն նախատեսվել: Այս դասակարգմամբ կրճատվել է  մոտավորապես 7 մլն դրամ գումար:

2019թ մինչև 10 տոկոս աշխատավարձի բարձրացում է նախատեսվել քաղաքապետարանի և ենթակառուցվածքների աշխատողների համար: Վերջին 3 տարում աշխատավարձի բարձրացում չի եղել:

Ճանապարհային պատահարների թիվը նվազեցնելու և երթևեկությունը կարգավորելու նպատակով Արմավիր քաղաքում նախատեսվում նոր լուսացույցերի տեղադրում և հներ նորացում:

Արմավիր քաղաքը հաջորդ տարում կունենա նոր զբոայգի՝ 2.2 հա տարածքով: Այդ նպատակով նախատեսվել է անցկացնել ոռոգման  փակ համակարգ, մոտավորապես 4 մլն դրամի ծախսով:

Համայնքի բյուջեից ձեռք կբերվի նաև ծառայողական մեքենա 5 մլն դրամի ծախսով: Պարգևատրումների գծով ծախսերն ավելացել են 1 մլն դրամով և նախատեսվել է 8 մլն դրամ: