ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպտիմալացնե՞լ, թե՞ ոչ. ո՞րն է խնդիրը
2018-12-21 18:11:16

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Օպտիմալացնե՞լ նախարարությունները, թե՞ ոչ. այս օրերին ամենաշատը քննարկվող հարցերից  է: Օրենքում առաջարկվող փոփոխություններով՝ կկրճատվի նախարարությունների թիվը՝ 17-ից դառնալով 12:

Նախագիծը դեռ պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, սակայն «Ռադիոլուրին» հայտնի է դարձել, որ կստեղծվի մեկ նոր՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն:

Մյուսների անուններն արդեն ծանոթ են: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության փոխարեն կստեղծվեն տնտեսական զարգացման ու գյուղատնտեսության, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները:
 

 

0:00
0:00

 

Պետական կառավարման համակարգի վրա Հայաստանում  ծախսերը շատ չեն՝ կարծում է տնտեսագետ, տնտեսական զարգացման ու ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: Ընդգծում է մատուցվող ծառայությունների որակի անհրաժեշտության մասին, բայց և նկատում է՝ սրան հասնելու համար պետք չէ մարդկանց կրճատել:

Մինասյանը խնդրի սոցիալական բաղադրիչն է կարևորում, հավելում ՝ մարդկանց պետք է աշխատաշուկայում մրցունակ դարձնել, տեղավորել աշխատանքի, հետո հայտարարել կրճատումների մասին:
 

Տնտեսագետ Բագրատ  Ասատրյանը  կարծում է, որ  կառավարման համակարգը պետք է համապատասխանեցվի այն առաջնահերթություններին, որոնք դրված են:Նշում է՝ կառավարության գործառույթները բազմաբնույթ են: Առաջնահերթությունները պետք է արտացոլվեն նախարարությունների անվանումներում:
 

Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանին հարցնում եմ՝ ունե՞ն հստակ հաշվարկներ, թե որքան մարդ իր աշխատանքը կկորցնի և ինչ են նրանց առաջարկելու աշխատաշուկայում:
 

Նշում է՝ միշտ էլ կարելի է կամայական թվեր ներկայացնել, սակայն պետք է սցենար ունենալ: Առաջին փուլում պետք է իրականացվի ֆունկցիոնալ գործառույթների նկարագրություն, ապա կպարզեն՝ որո՞նք են պետության գործառույթները։  Այս գնահատականներից է կախված, թե ոլորտներից  յուրաքանչյուրում ինչ մոտեցում է իրականացվելու:

Վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը կարծում է, որ պետական համակարգում կա գերուռճացված ապարատ:  Նաև խոստովանում է՝ խնդիրը մարդկանց աշխատանքից ազատելը չէ, «Այն, որ հարկատուն վստահ լինի, որ իր վճարած հարկերի համար ինքը բավարար չափով արդյունավետ ծառայություն և այս ծառայություն մատուցողները նաև բավականաչափ արտադրողական են»:
 

Եզրափակում է՝ առանց այս ռեֆորմի անհնար է ունենալ երկրի մրցունակության աճ։ Եթե դու չես կարողանում հարկատուների հաշվին  բավականաչափ արդյունավետ ծառայություն մատուցել, դու մեծ հաշվով արդար չես քո հասարակության նկատմամբ: