Ո՞վ է ավագանու ընտրություններում գլխավորելու իշխանական ուժի ընտրական ցուցակը
2018-07-25 17:00:51
Ռոնալդ Ռեյգանը նկարահանվեց մոտ 70 ֆիլմում, բայց դա նրան չխանգարեց 8 տարի ղեկավարել Միացյալ Նահանգների պես երկիրը: Հոլիվուդյան մեկ այլ աստղ՝ Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայի նահանգի բնակիչներին տված իր նախընտրական խոստումով պարզապես նշել էր՝ չի գողանալու, քանի որ արդեն հարուստ է՝ չէ՞ որ համաշխարհային աստղ է:
Ի՞նչ խոստում կարող է երեւանցի ընտրողին տալ «Կարգին Հայկո»-ն՝ նույն ինքը՝ արդեն քաղաքական գործիչ Հայկ Մարությանը՝ դեռեւս պարզ չէ: Իր ծրագրերը Երեւանի ղեկավարման վերաբերյալ նա դեռ ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Իշխող դարձած «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերջնական որոշում չունի, թե Երեւանի ավագանու ընտրություններում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: Կուսակցության ներսում չորս թեկնածու արդեն կա՝ պատգամավոր Ալեն Սիմոնյան, դերասան Հայկ Մարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյան եւ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան:
Կուսակցությունում արդեն քննարկել են Սրբուհի Ղազարյանի եւ Հայկ Մարությանի ծրագրերը: Մյուս թեկնածուներինը կքննակեն առաջիկայում եւ դրանից հետո նոր որոշում կկայացնեն: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ հնարավոր է ընտրեն բոլորովին այլ թեկնածու:
«Հնարավոր է բոլորովին այլ թեկնածու ընտրեն»
Մոտավորապես մեկ շաբաթից կստանանք նաեւ հարցի պատասխանը՝ «Ելք»-ը դաշինքով է գնալու ընտրությունների, թե՝ առանձին: Այս պահի դրությամբ քննարկումները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե դաշինքի ձեւաչափով շարունակվում են՝ ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Իսկ մինչ քաղաքական գործիչները կորոշեն ձեւաչափերի նպատակահարմարության հարցը քաղաքագիտության տեսանկյունից են վերլուծում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հանրության կողմից այն աջակցությունը, որն ունի իշխող ուժը այս պահի դրությամբ՝ այդպիսի աջակցություն չունի որեւէ այլ քաղաքական ուժ: Հետեւաբար, եթե այդ քաղաքական ուժը որոշի, որ առաջիկա ընտրություններում իր անունից հանդես է գալու այս բաժակը՝ այս բաժակն էլ կդառնա Երեւանի քաղաքապետ»:
Ահա այսպիսի իրավիճակում ինչ ակնկալիքներ կարող են ունենալ մյուս քաղաքական ուժերը: Այս պահի դրությամբ քաղաքագետները թերեւս ամենացածրը գնահատում են Հանրապետական կուսակցության հնարավորությունները:
Վարկանիշները բարձրացնելու նպատակով ֆեյսբուքյան ակտիվ աշխատանքի են լծվել նաեւ «Ծառուկյան» դաշինքի անդամները: Վահե Էնֆիաջյանը, օրինակ, ֆեյսբուքյան հիշեցումներից մի նկար է հրապարակել, որտեղ երեւում է՝ 5 տարի առաջ պայքարել է քաղաքային տրանսպորտը թանկացնելու դեմ:
Արարատ Զուրաբյանի հրապարակումներից անգամ երեւում է՝ ունի ընտրված կարգախոս. «Երեւանին-Երեւանից քաջատեղյակ քաղաքապետ»: Նաիրա Զոհրաբյանը հետեւողականորեն անդրադառնում է «Սանիտեք» ընկերության աշխատանքին, մասնավորապես՝ Աջափնյակի եւ 4-րդ գյուղի հատվածում ձեւավորված նոր աղբանոցին:
Այս ամենը դեռ ոչ ֆորմալ ընտրարշավ է: Հասկանալի է՝ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վստահությունը եւ վճռորոշ ձայնը ստանալու համար: Ժամկետների առումով այստեղ կրկին անորոշ իրավիճակ է: Մոտավոր հստակեցում թերեւս ունեն «Երկիր Ծիրանի»-ում:
Կուսակցությունը կմասնակցի բոլոր գործընթացներին: Զարուհի Փոստանջյանի ներկայացմամբ՝ երեւանցիների խնդրանքն ու հորդորն է իր առաջադրվելու պատճառը: Այստեղ անգամ հասունանում է անսպասելի համագործակցություն:
«Երկիր Ծիրանի»-ին օգնության է գալիս Պարույր Հայրիկյանը՝ հակված են պաշտպանելու Փոստանջյանի թեկնածությունը:
Քանի դեռ քաղաքական վերաձեւակերպումներն ու հստակեցումներն ընթացքի մեջ են՝ շարքային ընտրողը առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չունի:
Անկախ ամեն ինչից հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում նոր «խաղացողներ» նույնպես ի հայտ կգան: Առաջինը թերեւս հայտնի է:
«Հիմնադիր խորհրդարան» քաղաքական նախաձեռնության եւ «Սասնա ծռեր» խմբի անդամները կուսակցություն են ստեղծելու՝ հայտարարել են Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը:
«Հիմնադիր խորհրդարանը» նախկինում բոյկոտել է Հայաստանում անցկացվող ընտրությունները՝ դրանք համարելով իշխանության լեգիտիմացման գործողություն։ Թավշյա հեղափոխությունից հետո դիրքորոշումը փոխվել է։
Ամենաընթերցվածը
2019-02-16 13:34:37
50 լուսանկար, մեկ հասցե, ծննդյան 60-ամյակի նվեր
2019-02-16 18:37:04
«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 16.02.2019
2019-02-16 12:00:00
Նոր ֆիլմաշար՝ ռազմի դաշտում վիրավորված հայորդիների մասին
2019-02-16 13:02:00
Արմավիրի ԲԿ-ի հեմոդիալիզի բաժանմունքը կհամալրվի նոր սարքավորումներով
2019-02-16 17:10:41
Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա նոր կերպարով. Նիկոլ Փաշինյան
ԾՐԱԳՐԵՐ