ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը չմտավ օրակարգ
2018-12-25 18:39:23

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Արմավիրի ավագանու արտահերթ նիստում ենթադրվում էր, որ օրակարգային հարց կարող էր դառնալ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Այս նպատակով Արմավիրի նախաձեռնող խումբը երեկ շուրջ 300 քաղաքացու ստորագրությամբ դիմել էր Արմավիրի քաղաքապետին՝ հարցը արտահերթ նիստի օրակագում ընդգրկելու նպատակով:

Իսկ արտահերթ նիստում քննարկվելու և հաստատվելու էր Արմավիր քաղաքի 2019թ բյուջեն, հաստիքային դրույքաչափերը ևս մի քանի հարց: Ավագանին մինչև օրակարգի հաստատումը լսեց նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանին. «Մանվել Գրիգորյանը «տուշոնկա» գողացող է, ով չգիտի Մանվելին, ամբողջ Հայաստանն է խոսում այդ մասին: Նա մեր քաղաքի պատվավոր քաղաքացի չի եղել ու չի էլ լինի»:

Արմավիրի նախաձեռնող խումբը Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նպատակով նաև ստորագրահավաք էր կազմակերպել ֆեյսբուքում: 

Արմավիրի ավագանու անդամ Խաչիկ Հարությույնաը  դիտարկեց, որ Մանվել Գրիգորյանը պատերազմով անցած մարդ է, գեներալ. Արցախի հերոս և չպետք է ամեն ինչ անտեսել ու միանգամից հարցը դնել քննարկման. «Դուք վաղը չեք լինի և ամբողջ պատասխանատվությունը կմնա մեր վրա»:

Ավագանու անդամների մի մասը կողմ էր, ավելի  հաստակեցնելու նպատակով Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կարճ ընդմիջում հայտարարեց, առանձին քննարկեց ավագանու անդամների հետ և մերժեց հարցը օրակարգում ներառելը: Ավագանին ցանկանում է հետևել իրադարձություններին ու սառը դատողությամբ խնդիրն օրակարգ բերել: