ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-26 10:03:41
  • «Ժողովուրդ». Արդեն ուրվագծվում է նոր կառավարության կազմը
  • «Փաստ». Նիկոլ Փաշինյանը կդառնա՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար.
  • «Ժամանակ». ժողովրդական հուզումներ են հասունանում
  • «Իրավունք». ԲՀԿ-ն խնդրի առաջ է կարգնած
  • «Հայկական Ժամանակ». ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը Ռուսաստանի քաղաքացի է

Նիկոլ Փաշինյանը կդառնա՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար

«Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը: Ըստ թերթի՝ բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը թերթի հետ զրույցում հաստատել է ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ ժամկետների հետ կապված դեռևս որոշակիություն չկա:

«Փաստի» աղբյուրները նաև պնդում են, որ համաժողովից հետո կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին: «Այդպիսով, ըստ էության, պաշտոնապես կամրագրվի Փաշինյանի՝ կուսակցության իրական ղեկավար լինելու փաստը»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ հիմա ՔՊ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ է:

ՔՊԿ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը նշել է, որ «տեսականորեն դա հնարավոր է», սակայն այս պահին դեռևս այդ թեմայով որևէ քննարկում չի եղել:

Արդեն ուրվագծվում է նոր կառավարության կազմը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Այսինքն` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները: Հայտնի է նաեւ , որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որեւէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները: Ըստ թերթի՝ նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի:

ժողովրդական հուզումներ են հասունանում

«Ժամանակ»-ը զրուցել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ:

Հետընտրական Հայաստանում ներքաղաքական հանդարտություն սպասվո՞ւմ է հարցին նա պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ, գիտեք ինչու, որովհետև Փաշինյանի կողմից պոպուլիզմի դոզան, որ տրվել է ժողովրդին, տրվել է մարդկանց, որ այսուհետ նրանք են ամեն ինչ որոշելու, տեսնում ենք, որ օրեցօր բողոքի ու դիմադրության օջախներ է առաջացնում, ամեն օր առաջանում են բողոքի նոր խմբեր, բողոքի ցույցեր և դա շարունակվելու է»:

Նրա ընկալմամբ, սա հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների:

«Վերջին շրջանում բավականին չարչրկվեց ժողովուրդ բառը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որոշում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավական մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավարություն չէ, ժողովրդավարությունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողովուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը՝ պետական մարմինների միջոցով», - նշել է թերթի զրուցակիցը:

«Վերջին շրջանում բավականին չարչրկվեց ժողովուրդ բառը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որոշում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավական մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավարություն չէ, ժողովրդավարությունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողովուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը՝ պետական մարմինների միջոցով», - նշել է թերթի զրուցակիցը:

ԲՀԿ-ն խնդրի առաջ է կարգնած

Ըստ «Իրավունք» -ի՝ ԲՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ փաստացի խորհրդարան գնում են 26 պատգամավորով, որից միայն «աշխատունակ» են 6-8-ը:

Թերթի աղբյուրների համաձայն՝ այս հարցը խիստ անհանգստացնում է բոլորին, քանի որ ԲՀԿ-ի «ծանր հրետանի» համարվող Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և մյուսները, որոնք նախկինում աշխատում էին ամբողջ խմբակցության փոխարեն, այսօր չեն պատրաստվում «կուրծք ծեծել» մյուսների համար, որպեսզի ցույց տան, որ անփոխարինելի են, իսկ Գ. Ծառուկյանն անարդար է վարվում իրենց հետ:

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արդեն իսկ քննարկում է ցուցակում որոշ վերադասավորումներ անելու հարցը, որպեսզի խորհրդարան գնան ոչ թե 8 բանիմաց պատգամավորով, այլ գոնե 15:

Այսպիսով, առաջիկայում կարող են լինել ինքնաբացարկներ նաև ԲՀԿ-ում:

«Հետաքրքրական է, որ այդպիսի որոշման Գագիկ Ծառուկյանը եկել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանին», - գրում է թերթը:

ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը Ռուսաստանի քաղաքացի է

«Հայկական Ժամանակ»-ը պարզել է, որ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ունի: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստա­նի Դաշնության պատասխանը, համաձայն որի, Հարու­թյունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Այս մասին թերթի զրույցում ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հավելելով, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղա­քացիություն: Մինչ այդ ՀՔԾ֊-ն ստուգում էր Միքայել Հարու­թյունյանի ՌԴ քաղաքացի լինելու փաստը:

«Ինտերֆաքսը» շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ 2002 թվակա­նից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնաց­վել, և չնայած դրան Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտո­նը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տա­րածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտա­րարված միջպետական հետախուզումը:

Ավելի վաղ, ինչպես թերթն է հիշեցնում, «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ եթե Միքայել Հարությունյանը 2002 թվակա­նից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հան­րապետության քաղաքացի: Այնինչ, Միքայել Հարություն­յանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ֊պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:

«Բա­ցի այս, Հարությունյանը չէր կարող ունենալ նաև երկքա­ղաքացիություն, որովհետև Հայաստանի Հանրապետու­թյունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում»,- նշում է թերթը: