ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հաշվեհարդա՞ր, թե՞ խնդրի լուծում. «Արմսվիթում» բողոք է հասունանում
2018-12-26 12:48:22

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Տարին վերջանում է, սակայն տարվա երկրորդ կեսի աշխատավարձերին են շարունակում սպասել Երեւանի «Արմսվիթ» հրուշակեղենի գործարանում: Դժգոհությամբ «Ռադիոլուրին» են դիմել գործարանի աշխատակիցները՝ փոխանցելով ոչ միայն այս խնդիրը, այլեւ գործարանի ներքին մաքրության խնդիրների ու դժգոհող աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին:

0:00
0:00

«Շանթ-Արմսվիթ» քաղցրավենիքի գործարանի աշխատակիցների մոտ պարբերաբար հասունանում է դժգոհություն, որը պարբերաբար հրապարակային արտահայտություն է ստանում։ Այս ընդվզումները վերջանում են, սակայն, ոչ թե ամիսներով ուշացող աշխատավարձերի խնդրի վերացմամբ, այլ բողոքող աշխատողների պարբերական հեռացումներով: «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց այս դժգոհությունը փոխանցեցին գործարանի մի շարք աշխատակիցներ: Զրուցակիցս ներկայանալ չի ցանկանում, սակայն դժգոհությունը ներկայացնելուց չի խուսափում: Ասում է՝ իր աշխատավարձի մի մասն այդպես էլ չի ստացել, ավելին՝ լրատվամիջոցներին իրենց խնդիրները ներկայացնելու համար աշխատանքից ազատման դիմում են գրել տվել.

«Աշխատել եմ մինչեւ նոյեմբերի վերջին օրը, բայց դեռեւս հունիսի չվճարված աշխատավարձը վճարված չի եղել: Երկուսով էինք աշխատում խանութում, կանչել են, դիմում են գրել տվել: Դեռ մի բան էլ ամոթանք են տվել, թե դա անելուց հետո պիտի աշխատավարձ ստանա՞ք»:

Մանրամասնում է՝ գործարանի ղեկավար կազմին խնդրելուց, դիմելուց հետո միայն հաջողվել է դեռ հուլիսի աշխատավարձը ստանալ: Սեփական վաստակը չստանալու խնդրի առաջ բոլորն են բախվում՝ ասում է.

«Տնօրենին ասում ենք՝ ասում է՝ եկեք գործարանատիրոջ մոտ: Գնում ենք գործարանատիրոջ մոտ՝ ձեռքով է անում, թե դուրս եկեք: Գնում ենք գլխավոր հաշվապահի մոտ, ասում է՝ ինձ հետ գործ չունեք, գնացեք Մանվելի՝ գործարանատիրոջ մոտ: Ու այսպես ժողովրդին աշխատեցնում են, մինչեւ հիմա աշխատավարձ չեն տալիս: Ու ամեն բունտ անելուց հետո աչքները վախեցնելու համար մի քանի հոգու աշխատանքից հեռացնում են»:

Աշխատակիցներն այս պահին դեռ սեպտեմբեր-հոկտեմբերի աշխատավարձն են ակնկալում: Իսկ գործարանի ղեկավար կազմը ուշացումները պարզաբանում է սեփական ֆինանսական հարցերով:

«Ասում են՝ վարկ ենք վերցնում, չենք կարողանում տալ: Բայց իրենք լավ էլ այդ գումարն աշխատեցնում են, գործի մեջ են դնում: Հենց Մանվել Ղարիբյանը, որը «Եվրովագենի» ավտոմեքենաներն է բերում, հենց այդ գումարով էլ բերում է: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ անցնում է, տեսնում է, որ «Եվրովագենում» լիքը լցված մեքենաներ են»:

«Շանթ-Արմսվիթ» քաղցրավենիքի գործարանից չհերքեցին՝ աշխատավարձերի ուշացումներ, այո, կան: Գործարանի գլխավոր հաշվապահ Լիանա Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» բացատրեց՝ ծանր ֆինանսական վիճակում են, բայց նաեւ վստահեցրեց՝

«Իհարկե, ամեն միջոց ձեռնարկվում է, որ այդ հարցերը կարգավորենք: Եւ գույք ենք դրել վաճառքի, եւ դիմել ենք վարկերի համար, սպասում ենք, որ վերցնենք:

Գործարանի ֆինանսական հարցերով պատասխանատուն, սակայն, դժվարացավ ժամկետեր նախանշել, թե երբ տասնյակ աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդիրը կլուծվի: Խորհուրդ տվեց հարցերն ուղղել գործարանի տնօրենին: Տնօրեն Արմեն Կոստանյանի հետ, սակայն, որեւէ կերպ կապ հաստատել չհաջողվեց. Թե աշխատանքային, թե բջջային համարներին պատասխանող այդպես էլ չգտնվեց: Ու անպատասխան մնաց նաեւ հարցը, թե արդյոք սեփական աշխատանքի դիմաց վարձատրության ուշացումից դժգոհողներին աշխատանքից ազատում են: Հաշվեհարդարի նմա՞ն է դա, թե՞ ոչ՝ կփորձենք պարզել: