ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊԲՀ շրջանավարտներին
2018-07-26 06:10:59
Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին և ընդգծել. «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր մեր բուհական համակարգում կա թերբեռնվածության խնդիր  և բժշկակական համալսարանն այն եզակի բուհն է, որ այսպիսի խնդիր չունի: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, թե ինչու. դեռևս խորհրդային տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի և ուրախալի է, որ այդ ավանդույթը երրորդ հանրապետության տարիներին պահպանվել է, այժմ տեսնում ենք, որ նոր փուլ է մտել: Հայաստանյան բուհի այսպիսի մոդելը շատ կարևոր է մեր բուհական համակարգը կազմակերպելու համար, մեր բուհական  համակարգը միջազգայնացնելու ճանապարհը, կարծում եմ, ճիշտ ճանապարհ է, ինչը պետք է շարունակենք ոչ միայն օտարերկրյա ուսանողների, այլ առաջին հերթին մեզ համար, որովհետև այս մոդելն է, որ պետք է անընդհատ զարգացնի, առաջ մղի մեր կրթությունը, բարձրացնի կրթության որակը և նրան բերի միջազգային ճանաչում, նրան ստիպի հասու լինել բոլոր միջազգային նորություններին, նոր տեխնոլոգիաներին, զարգացումներին»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան և էներգիա կհաղորդեն բուհական համակարգին: «Կարծում եմ՝ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են ոչ թե մաթեմատիկական, ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցությամբ: Իմ ընկալմամբ, մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, առավել ևս բժշկի մասնագիտությունը: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտներն աշխատանքային կյանք են մտնում այն համոզմունքով և հավատով, որ իրենք անպայման փոխելու են աշխարհը, եթե ողջ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը, առնվազն այն աշխատանքային աշխարհը, որտեղ  իրենք ապրում են: Ի վերջո, մարդուն երջանկություն, առողջություն պարգևելն ամենամեծ մարդկային առաքելությունն է և հույս ունեմ, որ այդ առաքելությունից ոչինչ չի շեղի մեր այսօրվա շրջանավարտներին, ոչ բարեկեցությունը, ոչ փողը, ոչ վայելքները: Համոզված եմ, որ առաքելությանը հավատարիմ լինելու պարագայում նրանք կունենան այդ ամենը: Հույս ունեմ՝  նրանք կաշխատեն այնպես, այնպիսի հարթության մեջ, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն և ոչ այնքան կարգավորումներով, կանոնակարգերով, այլ մարդու՝ ինքն իր հետ, իր խղճի և իր առաքելության հետ ունեցած հարաբերություններով: Ես հավատում եմ ձեր առաքելությանը, ես հավատում եմ մեր առաքելությանը, ես հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԵՊԲՀ-ն 2017-2018 ուսումնական տարում ունի 1001 շրջանավարտ, նրանցից 45-ը բուհն ավարտել են կարմիր դիպլոմով, 24-ը՝ ռազմական բժիշկներ են: