ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տուրքերի դրույքաչափերի բարձրացումը փոքր ու միջին բիզնեսի վրա չի ազդի
2018-12-26 19:06:32

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Երեւանի ավագանին որոշեց 2019 թվականին բարձրացնել տեղական տուրքերի դրույքաչափերը:  Սակայն այս փոփոխությունները չեն ազդելու փոքր ու միջին բիզնեսի վրա՝ հավատացնում են քաղաքապետարանում:

 

Արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների թանկացման բեռը չեն զգա նաեւ ծնողները, քանի որ ավելացումները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից: Եթե կա սուբսիդավորումն, ապա ինչի համար են բարձրացումները։

0:00
0:00

 

2019 թվականին որոշ ոլորտներում կբարձրանան տեղական տուրքերի դրույքաչափերը: Օրինակ, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250 հազար դրամով՝  դառնալով 600 հազար:

 

Անկախ նրանից, թե տնտեսվարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը:

 

Նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համաձայն է, որ գերշահույթով աշխատող այս ոլորտում լինեն բարձրացումներ: Տնտեսագետը մտավախություն ունի, որ դրանից կօգտվեն այս ոլորտում բիզնեսով զբաղվողները եւ կբարձրացնեն գինը, թեեւ տուրքերի ավելացումը նրանք շահույթի վրա էական ազդեցություն չի ունենա։

 

«Միշտ նման առիթներն օգտագործում են տնտեսվարողները  և գինը բարձրացնում են և արդարանում, որ պետական տուրքն է բարձրացել: Բայց այդ պետական տուրքը մեկ լիտրի հաշվով որևիցե ազդեցություն չի կարող ունենալ»:

 

Քաղաքային իշխանությունը բարձրացնում է տեղական տուրքերը, սակայն միևնույն ժամանակ արտոնություններ է սահմանել մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող  տնտեսվարողների համար: Նրանք կազատվեն այդ բեռից: Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այս տարբերակումից կօգտվեն այն գործարարները, որոնք իսկապես դրա կարիքն ունեն:

 

Նախկինում, երբ փոքր և միջին բիզնեսին տրվեցին արտոնություններ, դրանցից օգտվեցին նաեւ խոշորները, քանի որ շրջանառության նվազագույն շեմը կրկնապատկվեց՝ հասնելով 105 մլն դրամի, ավելին՝ խոշոր բիզնեսը հանդես էր գալիս մի քանի կազմակերպություններով.

 

«Հիմա ես հույս ունեմ, որ քաղաքային իշխանությունները հաշվի կառնեն նախկին փորձն ու  այդ հնարավորությունները, որոնք ուզում են տալ, իսկապես տեղին կլինեն փոքր և միջին բիզնեսի համար»:

 

Տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման որոշումը, սակայն բուռն քննարկում ունեցավ ավագանու այս տարվա վերջին նիստում:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ ավագանու ամեն քայլը պետք է նպաստի տեղական բիզնեսի զարգացմանը:

Տուրքերի դրույքաչափերի տարեկան աճի տենդենցը չի բերելու  բիզնեսի զարգացմանը: Իսկ սա կհանգեցնի  նրան, որ շատ գործարար մարդիկ ուղղակի կհրաժարվեն գործունեություն ծավալելուց:      

«Տուրքերի մեջ օրինակ, դուք շեշտեցիք, որ  կան  անարդար մոտեցումներ»:

«Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց այն տնտեսվարողների ճակատագրով, որոնք սովորաբար վճարում են  նախապես՝ մինչև հունվար ամիսը կամ հունվարի սկզբին։ Քաղաքապետարանի աշխատակազմի  եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ  Արմեն Հարությունյանն է պարզաբանում:

 

«Եթե կլինեն նման դեպքեր,  երբ կվճարվի տեղական տուրքը, սակայն կպարզվի, որ նա շրջանառության հարկով վճարվող է, կկատարվի հաշվարկ, հետ կվերադարձվի»:

Դրույքաչափերի հաջորդ բարձրացումը վերաբերում է երաժշտական  և արվեստի դպրոցների ծառայությունների վճարներին: Երևանի ենթակայության տակ գտնվող  կրթօջախներում մասնավորապես գործիքային բաժիններում ուսման վճարը ավելանալու է 2500 դրամով, երգեցողությունը 4300 դրամով, պարարվեստինը՝ 2000 դրամով և այլն: Սակայն այստեղ էլ ավելացված գումարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից:  

«Թանկացումները կապված են կրթության և գիտության նախարարի հրամանով, ինչով և պայմանվորված է լիարժեք ուսուցում ստանալու համար դասաժամերի բարձրացումը, ինչն էլ ենթադրում է աշխատավարձերի բարձրացում»:

Այս որոշումը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նոր մոտեցում է համարում, սակայն չի կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված:

«Ես ուրախ եմ, որ չի բարձրացել քաղաքացիների համար սակագները կամ գները: Ես միշտ կողմնակից եմ եղել, որ մեր երեխաներին պետք է հնարավորություն տալ բոլոր տեսակի ծառայություններից օգտվելու»:

Քաղաքային տուրքերի դրույքաչափերի բարձրացումը աջակցություն է գտել միայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարտությանին աջակցող «Իմ քայլը» խմբակցությանն կողմից։ Մյուս երկու՝ ԲՀԿ և Լույս խմբակցությունները նման մոտեցումը չեն պաշտպանում։