ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շուռնուխցի Բելլա տատիկը աշխարհին հետեւում է Հանրային ռադիոյի միջոցով
2018-11-03 12:19:33

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Սյունիքի մարզի Շուռնուխ  գյուղը գոյատևում է մարդկանց աշխատասիրության շնորհիվ: Տնամերձ հողամասը մշակում ու ապրում են առանց բողոքելու, թեև գյուղում կյանքի որակի բարելավում չկա: Գորիս-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա գտնվող գյուղում ծրագրային ներդրումները կփոխեն գյուղի կյանքը: Հանրային ռադիոն 76-ամյա Բելլա տատիկի ռադիոզրուցակիցն է, լուռ հող է մշակում ու հետևում աշխարհի անցուդարձին, ասում է՝ ռադիոն իմ կյանքի ուղեկիցն է:


Պատերազմից հետո Շուռնուխում ամեն ինչ նույնն է: Ծուռ ու մուռ, կիսաթեք փողոցով, հաղթահարելով ճանապարհի ցեխն ու փոսերը կանգնեցի մի տան դիմաց, որի պատերը կարծես թե խարխուլ էին, անձրևներից ու քամուց պաշտպանվելու նպատակով խնամքով ամրացվել էին երկաթե թիթեղներով:  Բելլա տատիկն ընդառաջ եկավ և հրավիրեց տուն: Դրսում ցուրտ էր, ներսում՝ ջերմ մթնոլորտ: Պատշգամբում չորանում էր խնձորը, ընկույզը, լոբին: 76-ամյա Բելլա Սարգսյանը 24 տարի առաջ է վերաբնակեցվել Շուռնուխում, եկել էր Աբովյան քաղաքից, ամուսնու հետ:


,,1994թ դեկտեմբերի 25-ին եմ եկել այստեղ, Աբովյանի Սիրիուս գործարանը, որ փակվեց ես, տղաս ու հարսս այնտեղ էինք աշխատում, 2 տղա ու 1 աղջիկ ունեմ, ապրելու ոչինչ չկար: Եկանք, որ հող մշակենք ու մեր երեխեքին օգնենք,,:

Շուռնուխ են եկել Բարձրավանում ապրող քրոջ խորհրդով: Բելլա տատիկը ծնունդով Ղափանի Սրաշեն գյուղից է, ասում է իր ծննդավայրը 12 օր գրավված է եղել, հետո ազատագրվել:

,,Իմ տղան մասնակցել է կռիվներին, պատերազմը սկսվելուց առաջ ամուսինս ու մյուս տղաս Ղափանում ճանապարհաշինության վրա էին աշխատում,,:

Շուռնուխն էլ է եղել պայքարի գոտում, թշնամու ուղիղ նշանառության տակ: Համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի հետ բարձրացանք պատերազմի տարիներին  Շուռնուխը պահող դիրքը, այն պահպանվել է մինչև հիմա, իսկ հարակից բարձունքին այժմ  երկաթե մեծ խաչ է տեղադրվել:

Բելլա տատիկը պատմեց, որ Շուռնուխ գյուղում ընտրել է ամենամեծ 1800 քմ հողամաս ունեցող տունը և հիմնավորվել այնտեղ:


,,Որ եկանք գյուղը ռմբակոծված էր, էս տունն էլ, ամուսնուս հետ մի կերպ իրար վրա բերեցինք, ծածկեցինք ու մնացինք գյուղում,,:

Այստեղ ապրելն ավելի հեշտ էր, հողի ու ոռոգման ջրի վարձ չկա, բնակելի տներն էլ մոտ 8 տարի առաջ են սեփականաշնորհվել: Բելլա Սարգսյանը տնամերձ հողամասում մի քանի խնձորի, տանձի ու ընկույզի ծառ է տնկել, լոբի ու կարտոֆիլ մշակել:


Առաջին 10 տարում գյուղից դուրս չեն եկել, ձմեռել են, անասուններ պահել, արդեն  13 տարի ձմռան շեմին տեղափոխվում են Աբովյան: Հիմա էլ են պատրաստվում, բայց արդեն չվերադառնալու պայմանով, 85-ամյա ամուսինը վատառողջ է: Տունը վաճառել են, մինչև մեկնելը որոշ անելիքներ դեռ ունեն:

,,Պատուհանի տակ խաղողի վազ ունեմ, խաղողը հավաքել, լցրել եմ բոչկեն, որ օղի քաշեմ ու տանեմ,,:


24 տարի Շուռնուխում ապրած Բելլա տատիկի միայն կենսաբանական տարիքն է 76, իրականում ավելի երիտասարդ է, աշխույժ ու գործունյա: Ափսոսում է, որ թողնելու է Շուռնուխի տուն: Պատշգամբի պատին ամրացված փոքրիկ ռադիոընդունիչը չվրիպեց ռադիոլրագրողիս աչքից  , լուռ ու գործունյա մարդու օրվա ընկերն է

,,Ռադիոն իմ կյանքի ուղեկիցն է, հանրային ռադիոն եմ լսում, մեկ-մեկ այստեղ չէր բռնում, առաջ ավելի լավ էր բռնում, ստերեոստուդիա կար, հիմա ամեն առավոտ՝ շաբաթ, թե կիրակի, Սարգիս Նաջարյանի ու Մայրանուշ Գրիգորյանի հաղորդումն եմ լսում,  լուրեր, աշխարհքի ամեն տեղից նորությունները լսում եմ,,:


Երիտասարդների համար գյուղում չկա զբաղմունքի որևէ վայր, մշակույթի տուն: Համայնքի վարչական ղեկավարը ցանկանում է ռմբակոծված շենքերից մեկը վերակառուցվի հանդիսությունների սրահի ու գյուղում կյանքը մի քիչ աշխուժանա: Ասում է՝ մենք մայրուղու վրա ենք գտնվում, երկու քաղաքի հետ կապ ունենք, եթե ինչ որ ծրագրով գյուղում ախատատեղ բացվի, մարդիկ լավ կապրեն, երիտասարդներն էլ կհիմնավորվեն ու կմնան գյուղում:   

0:00
0:00