ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը՝ «սպիտակ» դաշտ. «IPChain»-ի առաջարկը Հայաստանին
2018-11-03 16:43:38

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Արվեստի, գիտական, տեխնոլոգիական, գյուտերի հեղինակային իրավունքների պաշտպանությանը հաղորդել նոր որակ ու նպաստել տնտեսության մեջ դրանց ներդրմանը, արդյունաբերության, տուրիզմի մեջ կիրառելուն ու գումարի վերածելուն:

Գաղափարը բարդ թվում է, սակայն դրա իրականացման հստակ մեխանիզմ կա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնել է «IPChain»
ասոցիացիայի նախագահ
Անդրեյ Կրիչևսկին:

Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում առաջարկվող այս մեխանիզմին դեռ տեղյակ չեն: Լսել են պարզապես, որ այն առաջարկվում է Հայաստանին: Սպասում են քննարկումների՝ իրենց հուզող հարցերն էլ բարձրացնելու: 


Մտավոր սեփականությունն այժմ դիտվում է նավթի պես կարեւոր պաշար: Բայց այն նաեւ փխրուն արժեք է, որը պահպանել է պետք ամուր համակարգում: «IPChain»
ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչևսկին առաջարկում է այդ ամուր համակարգի իր մեխանիզմը:

«Մեր առաջադրանքը պարզ է՝ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը բերել թափանցիկ, «սպիտակ» դաշտ՝ ստեղծելով տվյալների ցանցային համակարգ: Սա հիբրիդային մեխանիզմ է: Մի կողմից՝ բոլորը ներգրավված են մեկ ցանցում, մյուս կողմից՝ ցանցի ցանկացած մասնակից ինքնուրույն է ու որպես առանձին միավոր կարող է գործակցել այլ սուբյեկտների հետ: Իսկ եթե ցանցի մասնակից չես, չես կարող մասնակցություն ունենալ շուկային»:

Մտավոր սեփականությունն այլեւս միատարր գաղափար չէ: Այսօր ավելի հաճախ ենք խոսում հիբրիդային տվյալների մասին, ինչպիսիք են էնդոմետրիկ թվային ցուցանիշերն, օրինակ: Ինտելեկտուալ ունեցվածքը որքան ավելի բազմազան է դառնում, այնքան ավելի է կարեւորվում ստուգել՝  ում է այն պատկանում, բացահայտել կեղծումները, կրճատել դրանց գործարքների ծախսերը: Դա լիարժեք իրականացնել հնարավոր չէ, բայց կարելի է առավելագույնի հասցնել սպասելիքները. լուծումն էլեկտրոնային ցանցն է: Անդրեյ Կրիչևսկի:

«Կարեւոր է ստեղծել փակ ցիկլ՝ արտադրությունից մինչեւ  կիրառում: Գրվեց երաժշտություն, վաճառվեց թվային միջավայրում, հնչեց ռադիոյով, սրճարանում եւ այլուր: Հենց որ ողջ այս շղթան ներառվի ցանցում, եւ բոլոր այս մասնակիցները գործակցեն այս ցանցի միջոցով, կստանանք մեր նախատեսածը»:

Ցանցի մասնակիցներն ինտելեկտուալ սեփականության շուկայի խոշոր դերակատարներն են, որոնք տրամադրում են իրենց գրանցած իրավունքներին առնչվող լայն տեղեկատվություն: Հայաստանի դեպքում դա ակնկալվում է, մասնավորապես, մտավոր սեփականության գործակալությունից եւ «Հայ հեղինակ» ՀԿ-ից:

Արդյունքում մեկ հպումով գտնում ես տվյալ ինտելեկտուալ սեփականության հեղինակին, կապ հաստատում, գործարքի մեջ մտնում, վճարում եւ օգտագործում նրա հեղինակածը՝ կլինի երգ-երաժշտություն,  գյուտեր, տեխնոլոգիական լուծումներ թե ճարտարապետական նախագծեր: Խնայում ես ֆինանս, ժամանակ, ռեսուրս, իսկ արվեստագետն էլ իր գործով է զբաղվում՝ կոմերցիոն բոլոր հարցերը թողնելով ցանցի կազմակերպիչներին: Վերջնարդյունքին երկար սպասել պետք չէ, շատ վճարել՝ նույնպես՝ «Ռադիոլուրին» մանրամասնում է Անդրեյ Կրիչևսկին:

«Վիճահարույց խնդիրներով զբաղվում է Ինտելեկտուալ իրավունքների հարցերով ռուսական դատարանը: Կարող եք հեշտ ու արագ ցանցից պահանջել տվյալներ՝ ում է պատկանում տվյալ հեղինակային իրավունքը: Դատարանը կարող է հիմք ընդունել ցանցի տվյալները, քանի որ բլոկչեյնը (որի տեխնոլոգիայով աշխատելու է ցանցը) հանդիսանում է այնպիսի ապացույց, ինչպիսիք են ֆաքսն ու ի-մեյլը»:


Սա վստահության հարթակ է լինելու, որտեղ տեսանելի է մտավոր սեփականության ամեն օբյեկտի «կյանքի պատմությունը»: Որ ազգին է պատկանում լավաշը կամ տոլման. այսպիսի հին վեճերին նոր լուծում չի առաջարկվելու, փոխարենը տրվելու է նորաստեղծ արժեքների վավերագիրը: Այս ուղղությամբ ա
ռաջին քայլը տվյալների թվայնացումն է ու արտոնագրումներն ընդհանուր ֆորմատի բերելը, որպեսզի միանման պատենտները շփոթություն չառաջացնեն: Երկրորդ քայլը խոշոր խաղացողների ներառումն է՝ պետական կառույցներ, ՀԿ-ներ, հեռուստաընկերություններն ու ռադիոներ՝ իրենց հեղինակային հաղորդումներով եւ այլն:

Այն երկիրը կամ սուբյեկտը, որն այդ տեխնոլոգիաները կամբողջացնի, ընդ որում՝ ավտոմատացված՝ արհեստական ինտելեկտի միջոցով, շատ արագ առաջ կշարժվի:

Հայաստանի մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը պաշտոնապես դեռ որեւէ տեղեկացում, գրություն չի ստացել այս մասին: Լսել է, որ նման մեխանիզմ է առաջարկվում Հայաստանին: Հարցեր ունի, որոնք պատրաստվում է բարձրացնել, եթե առաջիկայում առարկայական քննարկումներ լինեն:

Ցանցն աշխարհագրական սահմաններ  ի ճանաչում, ու զրուցակիցս ցանցում պատկերացնում է ողջ աշխարհը, իսկ առայժմ՝ Եվրասիական ու հարեւան երկրներ: Բանակցում են նաեւ Իսպանիան ու Իսրայելը:

0:00
0:00