Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Կրթական տարին ոլորտի պատասխանատուներն ամփոփում են ապաքաղաքականացմամբ:
Կրթության ու գիտության փոխնախարարն այսօր վստահեցրել է, որ այդ առումով լուրջ ձեռքբերումներ ունեն, բայց անկախության գիտակցումը դեռևս արմատավորված չէ կրթական հաստատությունների պատասխանատուների մոտ:
Փորձագետներն այս ոլորտում դրական տեղաշարժ նկատում են, բայց ռազմավարական լուծումների բացը, ըստ նրանց, առայժմ խիստ տեսանելի է:
«Մայիսին մեզ ժառանգություն մնաց խնդիրներով լի ոլորտ՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով». կրթական ոլորտում վատ ժառանգության պատճառների ցանկում կրթության ու գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշում է նաև հեղափոխական իրավիճակով պայմանավորված երկամսյա դադարը:
Ժառանգությունը՝ ժառանգություն, իսկ ինչ հասցրեց անել Հայաստանի նոր կառավարությունը իշխանությունը ստանձնած շուրջ 8 ամիսների ընթացքում. «Մենք հաջողություն ենք արձանագրել հատկապես կրթական դաշտը ապաքաղաքականացնելու առումով»:
Կրթական հաստատություններն այս պահին անկախ են, բայց, ըստ Հովհաննիսյանի, պակասում է նախաձեռնողականությունը: Ամենապարզունակ հարցերում անգամ կրթական հաստատությունների ղեկավարները շարունակում են ակնկալել նախարարության միջամտությունը:
Այս առումով անցնող փուլը պաշտոնյան ընդհանուր առմամբ բնորոշում է ՝ ճգնաժամային. հարյուրավոր նամակներ մեկ օրվա ընթացքում՝ շտապ լուծումների ակնկալիքով: Կարճ ասած՝ շատ գործ կա անելու:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ոլորտն ու այնտեղ տիրող իրավիճակը հետևյալ կերպ է բնորոշում.
«Մեր կրթական համակարգը նմանվել էր սառնարանի սառցամանի: Հիմա կարծես ջուրը հալչել ու հոսում է, բայց իրավիճակը դեռ քաոսային է»:
Քաոսը կանխելու և ոլորտն արդյունավետ կառավարելու համար, ըստ փորձագետի, նախ՝ պետք է ընթացք տալ կրթության զարգացման պետական ծրագրին, սահմանել հանրակրթության պետական չափորոշիչները, օրենսդրական լուծումներ տալ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների:
Սերոբ Խաչատրյանը ողջունում է դրական տեղաշարժը նախադպրոցական կրթության ոլորտում, կարևոր քայլ է համարում ոլորտի ֆինանսական բարելավումը: Բուհերի հետ կապված, փորձագետի կարծիքը, ինչպես ինքն է ասում՝ երկակի է:
« Մի կողմից նախարարությունը լավ թեկնածուներ է առաջարկում բուհերի ղեկավարների պաշտոնում, մյուս կողմից՝ խորհուրդներում դարձյալ մարզպետեր կան: Օրինակ՝ Արարատի մարզպետը խորհրդի անդամ է»:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի կարծիքով՝ 2018-ն աննախադեպ տարի էր ինչպես երկրի, այնպես էլ կրթության պատմության մեջ:
Դրական փոփոխություններից զատ, Լարիսա Մինասյանն անդրադառնում է նաև սառույցի, հալչող ջրի ու կրթության ոլորտի միջև՝ Սերոբ Խաչատրյանի պատկերավոր համեմատականին՝ նշելով. «Թվում է՝ սառած ջուրը հալչել ու հոսում է, բայց դա ջուր չէ, այլ ինչ-ոչ անորոշ հեղուկ, որտեղ լողացող շատ բեկորներ կան և բոլորովին էլ զուլալ չէ: Խնդիրները ոլորտում շատ-շատ են, և դրանց առերեսվելու ռազմավարական որևէ քայլ առայժմ չի արվել»: