ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջը` կեղծ օրակարգ
2018-12-27 18:46:08

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանից Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջը կեղծ օրակարգ է: Այս համոզմունքն են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամներ, քաղաքագետներ Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանը: Նրանց գնահատմամբ՝ ռուսական ռազմաբազայի շուրջ ծավալված աղմուկն ու իրադարձությունները մանիպուլյացիաներ են, իսկ հեղինակները պարզապես կատարում են  Հայաստանի շահերից չբխող դրսի ուժերի պատվեր:

0:00
0:00

Գյումրիում 57 ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող:  «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը նախ նկատեց, որ հետաքննությունը հայ եւ ռուս մասնագետների կողմից դեռեւս շարունակվում է եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արդարադատությունը կորոշի մեղավորներին, որոնք կստանան արժանի պատիժ:

«Բնականաբար, պետք էր սպասել, որովհետեւ թե՛ ռուսական կողմը, թե՛ հայկական կողմը հայտարարել են, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն ու դրանում, բնականաբար, կասկած չկա:  Բայց ինչու՞ հենց հիմա… մեզ  հետաքրքրում է այս հարցի քաղաքական կոմպոնենտը, քանի որ որոշ հասարակական, քաղաքական ուժեր, գործիչներ այս հարցը փորձեցին քաղաքական դաշտ բերել»:

Ոչ ոք չի ասում, որ հայ–ռուսական հարաբերություններում չկան խնդիրներ և տարաձայնություններ։ Այո, տեղի է ունեցել ողբերգություն, բայց մենք վստահ ենք, որ իրավապահ մարմինները կարող են ադեկվատ գնահատական տալ կատարվածին և մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Բայց չի կարելի շահարկել այդ ողբերգությունը և փորձել քաղաքական միավորներ վաստակել՝ հավելեց  Արման Ղուկասյանը:

Գյումրիում կատարված սպանությունը նախ բուռն քննարկվեց համացանցում: Երկու օր առաջ էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա անցկացրեցին մի խումբ քաղաքացիներ: Նրանք Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում տիրող վիճակի հետ կապված, իրենց մտահոգություններն ամփոփող հանրագիր փոխանցեցին Ռուսաստանի իշխանություններին:

Ակցիային մասնակցում էին նաեւ երկու քաղաքական ուժ՝ Պահպանողական կուսակցությունն ու Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Վերջինիս նախագահ Տիգրան Խզմալյանը ստորագրությամբ չմիացավ ակցիայի մասնակիցների անունից ներկայացված հանրագրին՝ հայտարարելով, որ իրենք եկել են միայն մեկ հստակ պահանջով: Այն է՝ օր առաջ  Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից:

Այն ուժերը, որոնք փորձում են  Գյումրու ողբերգությունը բերել քաղաքական դաշտ՝ փորձելով սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում կատարում են պատվեր, ինչը չի բխում Հայաստանի շահերից: Այսպիսի համոզմունք լրագրողների հետ  այսօրվա հանդիպման ժամանակ հայտնեցին «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի անդամները: Լսենք ակումբի անդամներից, քաղաքագետ Ծովինար Կոստանյանին.     


«Այն բոլոր ուժերը, որոնք ասում են, թե ռուսական բազան պետք է դուրս բերվի Հայաստանից, առաջին հերթին, ջուր են լցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ջրաղացին: Հենց այդ պետություններն են ուզում, որ ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից եւ դա պարզ է»:   

«Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ  խոստացավ առաջիկայում նաեւ կոնկրետ խոսել այն գումարների եւ դրանց աղբյուրների մասին, որոնք կոնկրետ մարդիկ ստանում են հենց այդպիսի պատվեր կատարելու համար:     

«Եկել է ժամանակը, որ սթափ մտածող քաղաքացիները դատապարտեն այսպիսի գնահատականները, ակցիաները, հայտարարությունները, որովհետեւ, միանշանակ, սա չի բխում ՀՀ շահերից»:   

Քաղաքագետները բերեցին նաեւ իրենց հիմնավորումները՝ Հայաստանի եւ Տարածաշրջանի անվտանգության հմար 102-րդ ռուսական ռազմաբազայի դերի եւ կարեւորության վերաբերյալ:

Համոզմունք հայտնեցին, որ հասարակության ճնշող մեծամասնությունը գիտակցում է դա եւ երբեք չի տրվի, իրենց ձեւակերպմամբ, հրապարակ նետված կեղծ օրակարգին: