Առջևում Ամանոր է, սակայն շուկաներում տոնական եռուզեռ չի նկատվում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպառողի ամանորյա զամբյուղը թանկացել է: Թանկացումները փաստում են հենց իրենք՝ վաճառողները:
Մեր համաքաղաքացիներն այս տարի կարծես թե հետևում են ազգագրագետների ամենամյա հորդորներին և զարկ չեն տալիս համադամ կերակրատեսակներով ճոխ սեղաններին: Ակտիվություն չեն նկատում նաև նախորդ տարիների համեմատ վաճառողները:
Տոնական սեղանը պետք չէ դարձնել հոգս: Խորհուրդը ազգագրագետ Սվետլանա Պողոսյանինն է: Տոնը պետք է տոն դարձնել ոչ թե սեղանով, այլ տոնական ատրիբուտներով` նվերներ պատրաստելով, տոնածառ զարդարելով, միմյանց տուն հաճախելով ու օրվա հոգսերից ազատվելով:
«Տոնական սեղան անհրաժեշտ է, բայց պետք է չէ դա գերնպատակ դարձնել: Պետք է այնպիսի կերակուրներ պատրաստել, որոնք թանկ չեն և պետք չունեն իրենց տոնական սեղանը լցնել տարբեր մսեղեն կերակուրների տեսականիով: Իմ կարծիքով, լավ է, որ օրական մեկ ուտեստ լինի», -ասում է նա:
Մրցավազքը պետք է լինի ոչ թե տոնական սեղանների միջև, այլ մեր առաջընթացի, գիտելիքների: Ազգագրագետը, սակայն, հասարակության շրջանում փոփոխություններ է նկատում: Հասարակությունն աստիճանաբար հասկանում է, որ հարստությունը, մեծությունը, կայացած լինելը տոնական սեղանն անդրծովյան կենդանիներով զարդարելը չէ: Տարեց տարի ամրանում է տոնը տոն դարձնելու մտածողությունը՝ ասում է.
«Տոնը նշե՛ք որպես տոն, ոչ թե հալից ընկեք ու մինչև գիշերվա 12-ը դեռ խոհանոցում պատրաստեք»:
«Տոնը նշե՛ք որպես տոն, ոչ թե հալից ընկեք ու մինչև գիշերվա 12-ը դեռ խոհանոցում պատրաստեք»:
Մեկ անգամ եւս նկատենք, որ քրիստոնեական տոնացույցով Ամանորը պահքի շրջան է և Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներն այն պետք է նշեն պասային ուտեստներով սեղանների շուրջ: