ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամենամեծ գծատերը քաղաքապետարանն է. Փոխադրողների միության նախագահ
2018-12-28 16:40:14

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետի հայտարարությունը, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ` Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը գնահատում է որպես սովորական պատճառաբանություն: Երեւանի տրանսպորտային նոր ցանցի մշակված փաստաթուղթը վերջերս բավականին բուռն քննարկվեց մայրաքաղաքի ավագանու նիստում: Տեղի ունեցած բանավեճերն էլ լայն տարածում գտան սոցցանցերում:

0:00
0:00

Ուղեւորահոսքերի թիվը չունենալը բրիտանական ընկերության առաջարկած ծրագրին հավանություն չտալու հիմքերից մեկն է:

Երբ մեկը ցանկանում է մի բան անել, գտնում է միջոցը, երբ չի ցանկանում՝ գտնում է պատճառը՝ ասում է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Հիմնավորումը նա համարում է սովորական պատճառ:

«Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ 94 թվականին եւ հայտնի է: Պետք է այս տարիների ընթացքում հասկանալ՝ ուղևորահոսքն ավելացե՞լ է, պակասել է, թե՞ մնացել է նույնը»:

Բացառվում է, որ ուղևորահոսքը 1994 թվականից հետո ավելացած լինի, հետևաբար՝ 1-2 ամսում հնարավոր է ներդնել նոր ցանցը, որը մշակվել է նախորդ իշխանությունների կողմից՝ պնդեց Փոխադրողների միության նախագահը:

«Հաշվարկի համար հիմք է ծառայել 60 տոկոս ծանրաբեռնվածությունը: Եթե ուղեւորահոսքը 15-20 տոկոս ավելացել է, ինչը բացառում եմ, այդ 60 տոկոսը կարող է դառնալ 70 տոկոս»:

Քաղաքապետը նաև սխալ լեքսիկոն է օգտագործում` երթուղիները շահագործողներին անվանելով «գծատերեր»՝ նկատեցին ուղեւորափոխադրողները: Հրանտ Եղիազարյանի ձեւակերպմամբ՝ ամենամեծ գծատերը քաղաքապետարանն է: Իրենք ընդամենը ոլորտում փորձ ունեցող մասնագետներ են, վարձել են երթուղին եւ սպասարկում են: Առաջարկում է, որ իրենց նույնպես լսեն

Միաժամանակ, ուղեւորափոխադրողները դժգոհեցին, որ մայրաքաղաքի ավտոպարկի կարգավորման համար քաղաքապետարանը վճարել է անգլիական ընկերության, այն դեպքում, երբ Հայաստանում էլ կան համապատասխան մասնագետներ, որոնք ավելի լավ հաշվարկ կանեն, քան բրիտանացիները:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ մշակված նոր ցանցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են եւ քննարկումների ավարտից հետո միայն պարզ կլինի բրիտանական ընկերության առաջարկած ծրագրի ճակատագիրը: 

Երևանի երթուղիներից մեկը շահագործող Վլադիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, թե մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի փոփոխությունը և նոր տեսակի տրանսպորտային ցանցի կիրառումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ պետությունը չունի ֆինանսական միջոցներ: Եթե մեզ բոլորիս հանեն դուրս, ո՞նց են շահագործելու՝ տարակուսեց նա.

«Ոչ մեխանիկ ունեն, ոչ ապտոպարկ ունեն… ոչ մի բան չունեն՝ ինչո՞վ են աշխատացնելու»:

Մեկ այլ երթուղի շահագործող Արայիկ Ֆահրադյանն էլ  իր հերթին հայտարարեց, որ իրենք տարիներ շարունակ վնասով են աշխատում, բայց չեն էլ կարող հրաժարվել: 

«Որովհետեւ չենք կարող, ազգի դավաճան կհամարեն, եթե քաշենք մեքենաները կանգնեցնենք»:

Երթուղիների սեփականատերերը նաեւ դժգոհեցին, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս, որպեսզի թանկացնեն տրանսպորտի սակագինը, մինչդեռ ներկա գներով հնարավոր չէ  թարմացնել ավտոպարկը, լուծել խնդիրները: Եղան կարծիքներ, որ շատ խնդիրներ կլուծվեն սակագնի բարձրացման դեպքում.

«Էլ պետք չի գծել-ջնջել, Բրիտանիայից կանչել»:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Աբրահամյանի խոսքով էլ՝ եթե չթանկացնեն, ապա  ստիպված կլինեն հերթով փակել ավտոբուսային երթուղիները: Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ այժմ  փակվել է 27 ավտոբուսային երթուղի: