ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպիսին էր անցնող տարին Վրաստանում
2018-12-31 12:30:39

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

2018-ը բուռն իրադարձություններով լի տարի էր հարևան Վրաստանում։ Նախագահական ընտրություններ, առաջին կիննախագահը Վրաստանում ու տարածաշրջանում, ներքաղաքական զարգացումներ։ Հատկանշական է, որ Փաշինյանի Վրաստան այցից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ, հրաժականներ, փոփոխություններկառավարությունում և այսպես ասած թմրանյութային հեղափոխություն երկրում։


0:00
0:00

 

2018-ը բուռն իրադարձություններով լի տարի էր հարևան Վրաստանում։

Քաղաքականություն վերադարձավ Իվանիշվիլին

Անցնող տարի Վրաստանում կարևորվեց երկրի ամենաազդեցիկ մարդու ակտիվ քաղաքականություն վերադարձով։ Բիձինա Իվանիշվիլին այժմ ղեկավարում է 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իսկ հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը։ Իր վերադարձը նա պայմանավորել է կուսակցության թուլացմամբ։

Ընդդիմությունը պնդում էր, որ Բիձինա Իվանիշվիլին երկիրը ղեկավարում է վարագույրների հետևից։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, սակայն, հայտարարել է, թե Իվանիշվիլին անհանգստացած է հայաստանյան հեղափոխությամբ, որ կարող է նույնը լինել նաև Վրաստանում։ «Վրաստանում ժողովուրդը այս տարի կվերադարձնի իր իշխանությունը»,- տարվա առաջին կեսին պնդում էր Սաակաշվիլին՝ նկատի ունենալով տարեվերջին սպասվող նախագահական ընտրությունները։

Փոփոխություններ կառավարությունում

Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Գիրոգի Կվիրիկաշվիլին։ Այդ պաշտոնում նշանակվեց Իվանիշվիլիի ընտանիքի բարեկամ, մինչ այդ Ֆինանսների նախարարությունը ղեկավարող Մամուկա Բախտաձեն։

Նորանշանակ վարչապետը կրճատեց նախարարությունների թիվը`14-ից թողնելով 11-ը: Մեծ աղմուկ հանեց հատկապես Մշակույթի նախարարության լուծարումը: Այն ըստ էության միավորվեց Կրթության նախարարության հետ:

Մարիխուանայի օգտագործման օրինականացում թմրանյութային քաղաքականություն

Անցնող տարվա ընթացքում Վրաստանում մարիխունայի հարցը գրեթե մշտապես օրակարգում էր զբաղվե՞լ մարիխուանայի արտադրությամբ ու արտահանմամբ, թե՝ ոչ ծխելն օրինականացնել, թե արգելել։

«Թմրամոլների հեղափոխություն» անվանումը ստացած Վրաստանի Սահմանադրական դատարանի մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու մասին որոշումը ի վերջո երկու մասի բաժանեց հասարակությունը։ Ոմանք դեմ են, մի մասն էլ կողմ է, որ «Վրաստանը վերածվի, ինչպես ասում են, կովկասյան Հոլանդիայի»։

Վրաստանի ամենահարուստ ու ազդեցիկ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլին որդին՝ ռեփեր Բեռան, գիշերային ակումբներում ոստիկանության հատուկ գործողության արդյունքում սկսված բողոքի ակցիաների ֆոնին երգ է գրել՝ պահանջելով օրինականացնել մարիխուանան։ Ցույցերի մասնակիցները ասում էին՝ «մենք ուզում ենք հեղափոխություն անել խաղաղ, այնպես ինչպես Հայաստանում եղավ»։ Այն չստացվեց, սակայն թմրանյութերի հարցը դեռ փակված չէ։ Գիրչի կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել, դեռ պայքարում է՝ կուսակցության գրասենյակում շարունակելով մարիխուանա աճեցնել, ոստիկանների կողմից պարբերաբար բերման է ենթարկվում, նորից ազատ արձակվում։

Նախագահական ընտրություններ

Վրաստանում 2018-ին կայացած նախագահական ընտրությունները աննախադեպ էին երկու առումով։ Նախ վերջին անգամ երկրի բնակչությունը համապետական ընտրությամբ վեց տարի ժամկետով ընտրեց երկրի նախագահին։ Բացի այդ, առաջին անգամ անկախ Վրաստանի պատմության մեջ ընտրություններն անցան երկու փուլով։ Եվ երրորդ, Վրաստանում և ընդհանրապես տարածաշրջանում միակ կին նախագահն է ընտրվում։

Իշխող ուժի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիին ստացել է ընտրողների 9,5% ձայնը։ Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները՝ շարունակելով կոչ անել քաղաքացիներին անհնազանդության գործողություններ անել։

Կարևորագույն այցեր

Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնական այցը կատարեց հենց Վրաստան։ Պաշտոնական հանդիպումներ Թբիլիսիում, այնուհետև եղավ հայաբնակ Սամցխե Ջավախեթիում, որտեղ երկար տարիներ Թբիլիսի ժամանող հայ պաշտոնյաները չէին եղել։ Վերջին անգամ 2011թ-ի հունիսին հայաբնակ շրջան է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը՝ Վրաստանի»,-Վրաստանում արձանագրեցին կողմերը։

2018-ին երկու անգամ Վրաստան է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Առաջին այցը
Արմեն Սարգսյանը կատարել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Նա ելույթ է ունեցել նաև Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացված գլխավոր միջոցառմանը։ Երկրորդ այցը դեկտեմբերին էր
Արմեն Սարգսյանը Թելավի քաղաքում մասնակցեց Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը։

2018-ին Վրաստան է այցելել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Վրաստան այցելելիս կարծես տուն վերադառնամ»,-ասել է նա՝ իր գործընկերոջ Գիորգի Մարգվելաշվիլիի համար բերելով Беларус-152 տրակտոր։ Վրաստանի արդեն նախկին նախագահ Մարգվելաշվիլին գյուղատնտեսությամբ է զբաղվում: Նա այգի ու բանջարանոց ունի։ 

Հիշարժան է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը, որը իր հարավկովասյան ուղևորությունը սկսեց Թբիլիսիից։ Վրացական գինի և վրացական ուտելիքներ համտեսելուց հետո «երկաթե» կանցլերը ոգեշնչվել է և սկսել է վրացական համույթի հետ երգել Wir lieben die Stürme գերմանական ժողովրդական երգը։