ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բուհական հոգաբարձուների խորհուրդների կազմերն արդեն ձևավորվել են
2018-12-29 10:18:17

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ արդեն ավարտվել է հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից:

Նախարարը հատուկ առանձնացրել է ԵՊՀ-ն, քանի որ մայր բուհի մասին վերջերս շատ է գրվել:

«Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), որ Հին Հայաստանում մնացած փոքր թվով ռեկտորներ կամ նրանց կամակատարները փորձում են ճնշում գործադրել, որպեսզի դուք խորհուրդներում կատարեք նրանց կամքը։
Եթե այս տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց, ձեր կողքին եմ։ Եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը, շատ ավելի լավ ։) Թող, ուրեմն, սա լինի կանխարգելիչ գրառում։

Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հպարտ եք լինելու, երբ կերտելու եք 21-րդ դարի հայկական բուհը: Շնորհավորում եմ բոլորիդ», - գրել է նախարարը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ ուշ երեկոյան ասուլիս էր հրավիրել՝ իր անհամաձայնությունը հայտնելու ԵՊՀ-ում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունների արդյունքներ վերաբերյալ:

Խոսելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջում արած գրառման մասին, նա ասել էր, որ արվել են «դեկլարատիվ պնդումներ», որոնք ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ: Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու, գնալու է մինչև վերջ:

Իսկ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվել են դատախազություն։ «Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,-նշել էր Սանասարյանը: