Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում նկատելիորեն ակտիվացել է. ոլորտի փորձագետները սա դրական միտում են համարում, բայց խոսում են նաև պայքարը ինստիտուցիոնալ դարձնելու անհարժեշտության մասին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր հանելն է, այլև այնպիսի մեխանիզմներ մշակելը, որոնք հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին սխեմաների կիրառումը:
Նախորդ տարիներին Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարող կառույցների պակաս չի ունեցել, չի եղել նաև հայտարարությունների պակաս, որ իշխանությունները կոռուպցիան հաղթահարելու քաղաքական կամք ունեն: Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Մարատ Ատովմյանն ասում է՝ այդ կամքը բավարար չի եղել իրական պայքարի համար:
«Հիմա մենք միանգամայն այլ իրավիճակ ենք տեսնում. ընդամենը մեկ-մեկուկես ամսվա ընթացքում այնքան կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել, որքան չէր բացահայտվել վերջին մեկ տասնամյակի ընթացքում»:
Կոռուպցիայի դեմ պայքարը 3 հիմնական բաղադրիչ ունի՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժիչ գործողություններ՝ ասում է փորձագետը և ընդգծում՝ հիմա ակտիվ է հատկապես պատժիչ բաղադրիչը: Բացահայտումներն անհարաժեշտ են, բայց դրան զուգահեռ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք, որպեսզի հակակոռուպցիոն համակարգը գործի անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին:
«Ինստիտուցիոնալ լուծումներ են հարկավոր, քանի որ կան շատ դեպքեր, որ շատ ավելի բարդ ու խելացի սխեմաներ են: Եթե նայենք, կտեսնենք, որ այս օրերին բացահայտված դեպքերը, թեև աղմկահարույց էին, միևնույն է, պրիմիտիվ էին իրենց սխեմայով՝ գողանալ, պահել, թաքցնել: Այլ համակարգերում կան նաև շատ գրագետ կառուցված կոռուպցիոն սխեմաներ, որոնք ոչ միայն Հայաստանում են իրականացվել, այլև օֆշորային գոտիներ են, այլ պետություններ են ներքաշված, իսկ սրա բացահայտումն արդեն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում»:
Խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր հանելն է, այլև այնպիսի մեխանիզմենր մշակելը, որոնք հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին սխեմաների կիրառումը: Հակառակն, ըստ փորձագետի, հակակոռուպցիոն պայքարի Սահակաշվիլու ճանապարհն է, որը լավագույն օրինակը չէ:
«Սահակաշվիլին չգնաց ինստիտուցիոնալ լուծումների և տնտեսական նոր մոդելի ձևավորման ճանապարհով: Պատժիչ մեխանիզմներ կիրառելով՝ նա կարողացավ վերացնել կենցաղային կոռուպցիան, բայց չհաղթահարեց էլիտար կոռուպցիան»:
2017-ի հունիսին խորհրդարանը մի օրինագիծ ընդունեց, որով նոր կառույցի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում էր նախատեսվում: Այն պետք է փոխարիներ բարձրաստիճան պաշոտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և հայտարարագրերն ուսումնասիրելու, վերլուծելու ավելի լայն հնարավորություններն ունենար, քան նախորդը, բայց և սահամափակվեր կանխարգելման գործառույթով:
Սա նախորդ կառավարություն ծրագրած մոտեցումն էր: Նոր կառավարությունն այլ բան էր նախատեսում. ծրագրում գրել էր, որ ունիվերսալ բնույթի հակակոռւպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում: Այն պետք է ունենա ոչ միայն կանխարգելման , այլ նաև օպերատիվ-հետախուզական գործառույթ:
Ունիվերսալ մոդելով ստեղծված կամ հակակոռուպցիոն «սուպեր» մարմնի վերաբերյալ կարծիքներն այնքան էլ միաշանակ չեն: Օրինակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մտավախություն ունի, որ կառույցը կարող է վերածվել անցանկալի սուպեր մարմնի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ առաջարկում է վերլուծել, թե ինչու եվոպական երնրերն այդ մոդելին նախապատվություն չեն տվել:
Թե կոնկրետ որ մոդելի հակակոռուպցիոն մարմինն է ընտրվելու առաջիկայի համար, թերևս պարզ կլինի կառավարության ծրագրի ներկայացուցմից հետո: Այն խորհրդարան կբերվի ԱԺ առաջին նստարշրջանի օրերին՝ վարչապետի նշանակումից և նոր կաբինետի ձևավորումից հետո: