2018 թվականը նախկին տեսչություններն ամփոփում են կրճատված կամ լուծարված: Նախկին 18-ի փոխարեն, այժմ գործում է 6 տեսչական մարմին: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակից վստահեցնում են՝ փորձում են աշխատանքներն ավելի համակարգված անել ու կոռուպցիոն ռիսկերից զերծ պահել:
Հայաստանում մինչ վերջերս վերահսկողություն իրականացնող 21 մարմին կար, այսօր դրանց մի մասը օպտիմալացվել, մյուս մասն էլ լուծարվել է: Այժմ օրենսդրորեն ամրագրված վեց տեսչական մարմին կա: Առողջապահական և աշխատանքի, կրթության, սննդամթերքի անվտանգության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, շուկայի վերահսկողության, բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմիններ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ գնահատում է նախկինում գործող 21 տեսչությունների աշխատանքի արդյունավետությունը:
Համակարգը նոր է, մշակույթը՝ նույնպես, փորձում են ներդնել: Հղում անելով օրենսդրությանը՝ ընդգծում է՝ ստուգումներից երեք օր առաջ տնտեսավարողներին պետք է տեղեկացնել: Սակայն կան բացառություններ, ոլորտներ, որտեղ երեք օր առաջ տեղեկացնելուց հետո ստուգում իրականացնելն անիմաստ է:
Նախկինում տեսչությունները նախարարությունների կազմում էին որպես առանձնացված ստորաբաժանում: Այժմ դրանք անկախ մարմիններ են: Գործադիրում փորձել են բացահայտել, թե ինչ ռեսուրս է ներդրվել տեսչությունների վրա, պարզել են միայն աշխատավարձի ֆոնդերը։ Ամեն դեպքում՝ համակարգը խիստ կրճատվել է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարն ասում է՝ այս ոլորտում փորձում են հասարակարգ փոխել։ Տեսչական մարմինները խորհրդային ժամանակների մտածելակերպի ու կառուցվածքի նպատակային մարմիններ էին, որոնք ինչ-որ մեկի հրահանգով էին իրականացնում ստուգումները, այժմ փորձում են դառնալ անվտանգությունը ապահովող մարմին: Նախկինում ավելի հաճախ, այժմ գուցե քիչ, սակայն տեսչական մարմինների ու գերատեսչությունների ղեկավարների կարծիքները շատ հաճախ չեն համընկնում: 2018-ին, օրինակ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու բնապահպանության նախարարության կարծիքներն այդպես էլ չհամընկան:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ Ամուլսարի տարածքում ստուգումներ իրականացնելիս խախտումներին զուգահեռ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ և «Ապոլոն» տեսակի թիթեռ: Մինչդեռ՝ բնապահպանության նախարարությունը մեկ օր փնտրել ու այդպես էլ թիթեռի բնադրավայր չէր գտել:
ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ գործառույթների կրկնություններ կային:
Նախկինում տեսչությունները ուռճացված էին: Մակարյանը կարծում է, որ տեսչական մարմինները պետք է նաև խորհրդատվություն մատուցեն, ցույց տան խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Այդուհանդերձ, Գործատուների միության նախագահն ընդգծում է՝ առողջապահական և աշխատանքի տեսչությունից պետք է առանձնացնել՝ ստեղծելով Աշխատանքի պետական տեսչությունը: Առաջարկն արվել է, սպասում են արձագանքի: