ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական վերադասավորումներ ընտրություններից առաջ. որ ուժերը կմտնեն խորհրդարան
2018-11-05 16:33:20

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընթաց՝ որևէ բան չի փոխվել։

Եթե օրենքը մնացել է նույնը, ամեն ինչ նույնն է մնացել՝ այս կարծիքին է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ ստեղծվել է երկիրը միանձնյա կառավարելու ռեալ վտանգ։ Նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը, մինչդեռ, կարծում է, որ գործող իշխանությունը ուղղակի չկարողացավ ազատվել իր ստացած ծանր ժառանգությունից։

Արտահերթ ընտրություններից հետո միանձնյա կառավարման վտանգ չի տեսնում նաեւ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները հին ԸՕ-ով անցկացնելու փաստին՝ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ դա ձեռնտու չէ իշխանություններին:

Հեռատես իշխանությունը պետք է ձևավորի այնպիսի խորհրդարան, որը կսպասարկի թե՛ ներքին քաղաքականության անկախացումը, թե՛ արտաքին քաղաքականության ճկունությունը՝ հավելեց նախկին պատգամավորը:

Ըստ նրա, սակայն, նման դաշտ չի ձեւավորվելու եւ ընտրությունները փաստացի ընթանալու են որպես հասարակությունից մանդատ ստացած մեկ անձի քարոզարշավ:

Հարցի հետ կապված փոխանցելով իր տպավորությունը՝ Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր կարծիք հայտնեց, թե՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընթաց որևէ բան չի փոխվել։

«Եթե օրենքը մնացել է նույնը, ուրեմն նշանակում է, որ ամեն ինչ նույնն է մնացել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի վրա կարված բաճկոնը՝ քաղաքական բաճկոնը, շատ է դուր եկել նաեւ Նիկոլ Փաշինյանին»:

Ստեղծվել է երկիրը միանձնյա կառավարելու ռեալ վտանգ՝ եզրահանգեց Դեմոկրատական կուսակցության նախագահը: Հակադարձելով դիտարկմանը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը կարող է կրկին մեծ տոկոս հավաքել, ինչը կարող է հանգեցնել միակուսակցականության, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, սակայն, ասաց, թե չի կարծում, որ միակուսակցական կլինի խորհրդարանը: Նույն հարաբերակցությունը լինել չի կարող՝ համոզմունք հայտնեց նախկին պատգամավորը:


Միանձնյա կառավարման վտանգ չի տեսնում նաեւ մեկ այլ նախկին պատգամավոր՝
Լյովա Խաչատրյանը: Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունն ուղղակի չկարողացավ ազատվել իր ստացած ծանր ժառանգությունից։

«Այս Ընտրական օրենսգրքով ընտրությունների չի կարելի գնալ։ Այն ի սկզբանե ծնում է ոչ լեգիտիմ խորհրդարան»:

Ըստ Լյովա Խաչատրյանի՝ այժմ անցումային շրջան է, որից հետո վստահություն ունեցող իշխող ուժը կմատնանշի հերթական ընտրությունների ժամանակացուցը՝ ԸՕ-ի և սահմանադրական փոփոխություններից հետո

Թե ապագա խորհրդարանում ո՞ր ուժը կլինի ընդդիմության կարգավիճակում՝ տեսակետները միանշանակ չեն:

Նախկին պատգամավորներ Վարդան Խաչատրյանն ու Լյովա Խաչատրյանը դժվարացան կանխատեսել: Արամ Գ. Սարգսյանը, արձագանքելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի՝ խորհրդարան հայտնվելու հավանականության մասին հարցին, կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում Հանրապետական կուսակցության խմբակցություն կձևավորվի, ընդ որում՝ կարևոր չէ՝ քանի հոգանոց։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները։ Վարդան Խաչատրյանն ասաց, թե ՀՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու պարագայում էլ, դժվարանում է պատկերացնել, թե ինչպիսի՞ ընդդիմություն կարող է այն լինել:

Ընդդիմադիր ուժի դիրքում ինքը տեսնում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ հաշվի առնելով վերջերս այդ կուսակցության կողմից արված ծայրահեղ քննադատություները:

0:00
0:00