Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական պարտքը 2019-ին կկազմի 7 մլրդ 468 մլն դոլար: Նույն նախագծով նախատեսվում է, որ պետական պարտքի սպասարակմանը կուղղվի բյուջեի ծախսերի շուրջ 10 տոկոսը:
Պետական պարտքի մեջ գերիշխողը դոլարային վարկերն են, ունենք նաև եվրոյով, ճապոնական իենով ու հայկական դրամով ներգրավված վարկեր:
Հայաստանը մեծ պարտքի շուկա մտավ 2008 թվականից, երբ ֆինանսական ճգնաժամնի պատճառով այն կտրուկ ավելացավ: Հայաստանի պետական պարտքը 2017-ի տվյալներով կազմում է ՀՆԱ-ի 58,9 %-ը:
Այս ցուցանիշը հաշվարկվում է տարեկան կտրվածքով: 2018թ սեպտեմբերի 30-ի դրությամբ, մեր երկրի պարտքը կազմում է 3 տրիլիոն 254 մլրդ դրամ կամ 6 մլրդ 741 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ Արտակ Մարության.
«Պետական պարտքի 19,7 % -ը ներքին պարտքն է կազմում, արտաքին պարտքը՝ 80,3 % -ը: Ամենամեծ վարկառուն կառավարությունն է՝ պարտքի 91,5 % -ը հենց կառավարությանն է: ԿԲ-ի պարտքը պետական պարտքի 8,5 % -ն է կազմում»:
Կառավարության պարտքի կառուցվածքում շուրջ 19 % -ը դրամային պարտքն է (պետական գանձապետական պարտատոմսեր), 81 % -ը՝ արտարժութային պարտքն է: 43 % -ը ներգրավված է ԱՄՆ դոլարով, 25,2 % -ը SDR-ով (ԱՄՀ կողմից թողարկող հաշվրակային արժույթ), 8,6 %ը եվրոյով ներգրավված վարկերն են, մոտ 3,7 %-ը՝ ճապոնական իենով: Հայաստանն ունի նաև չինական յուանով ներգրավված պարտք՝ ընդհանուր պարտքի ծավալում այն 0,5 % -ն է կազմում:
Արտակ Մարության. «Կառավարության արտաքին վարկերի առյուծի բաժինը (78,5% ) միջազգային կառույցներից ներգրավված վարկերն են: Համաշխարհային Բանկի խմբի մեջ մտնող կառույցների վարկերը կազմում են ամբողջ վարկերի 44 %-ի չափով: Խոշոր մասնաբաժին ունի նաև Ասիական զարգացման բանկը՝ 16%, Եվրասիական զարգացման բանկը՝ մոտ 8 %, արժույթի Միջազգային հիմնադրամն ու այլ կառույցներ՝ մոտ 11%»:
2018թ բյուջեի ծախսերի 9,6 տոկոսը կազմում են պարտքի սպասարկման ծախսերը: Նույնն է նախատեսված նաև 2019-ի համար: 2018-ին կառավարության պարտքի սպասարկմանը ուղղվել է 141,2 մլրդ դրամ, 2019-ին այդ գումարը կդառնա 158 մլրդ դրամ:
Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ բացարձակ մեծությամբ դիտարկելիս պարտքը ավելանալում է:
Քանի որ պայմանները հենց լիբոռով են, սա էլ ենթադրում է, որ նույն վարկի համար ավելի շատ ես վճարում:
Մասնագետները պնդում են՝ քանի դեռ պետական բյուջեն դեֆիցիտային սկզբունքով է պլանավորվում, կառավարության պարտքը կավելանա: Դեֆիցիտը հիմնականում ֆինասավորվում է փոխառու միջոցների հաշվին:
2018-ին բյուջեի դեֆիցիտը 157 մլրդ դրամ է նախատեսված, 2019-ին՝ 152 մլրդ դրամ: Եթե խորհրդարանը հավանության արժանացնի 2019 թ պետական բյուջեի նախագիծը, ապա բյուջեի դեֆիցիտը, ըստ նախագծի, 5 մլրդ դրամով կնվազի: