ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ կփոխարինի Խաչատուրովին
2018-11-05 17:41:30

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը վերջին օրերին կրկին քննարկումների առանցքում է հայտնվել:

Նոյեմբերի 2–ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ենթադրվում է, որ հարցը, թե ով է ի վերջո փոխարինելու Խաչատուրովին, հանգուցալուծում կստանա առաջիկա օրերին:

Թեմային առնչվող ինտրիգային մեկնաբանություն է արել ռուսական «Կոմերսնատը» և նշել, որ քննարկվում է Բելառուսի ներկայացուցչի թեկնածության հարցը:

Թեմային արձագանքել են Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչություններից:

 «Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության արդյունավետ գործունեությունը, և հենց դրան են ուղղված մեր երկրի ջանքերը»,- ասում է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ երկրի ներկայացուցչի նշանակամն հավանականության մասին «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան:


«Հարցը խորհրդակցությունների փուլում է, քննարկումներն ընթանում են գաղտնիության սկզբունքով»,- ասաց.

 «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում:

Հարգելով այդ սկբունքը, հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին:

 Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված Հայաստանի ջանքերը»:

ՀԱՊԿ ԳՔ-ի ընտրության հարցը, ամենայն հավանականությամբ, հանգուցալուծում կստանա նոյեմբերի 8-ին Աստանայում նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, գրում է Կոմերսանտը՝ միևնույն ժամանակ տեղեկություն տարածելով, թե քննարկվում է Գլխավոր Քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածության հարցը:

Դաշինքի առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն նոյեմբերի 8-ին: Այս նշանակման շուրջ ինտրիգը, ըստ Կոմերսանտի, այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  պաշտոնը ազատ է մնացել ՀՀ-ի շնորհիվ:


Մինչ «Կոմերսանտը» թեկնածուի հստակ անուն է նշում, Բելառուսի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անատոլի Գլազը չի հաստատում տեղեկությունը:

«Այս պահին հայտնի չէ անգամ, թե որ պետությունից է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ուր մնաց՝ պարզ լինի, թե ով է թեկնածուն»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ կրկին նշելով, որ հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին:

Խնդրին օրերս անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ Հայաստանը թեկնածուներ ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու համար, սակայն եթե առաջարկվի այլ թեկնածություն, ապա Հայաստանը՝ ըստ նախարարի, կդիտարկի այդ պաշտոնում նրա արդյունավետության հարցը:

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովի ազատման դիմումից հետո: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Խաչատուրովն ազատ է արձակվել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Հայաստանի ներկայացուցիչն այս պաշտոնում, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, պետք է պաշտոնավարեր 3 տարի, մինչդեռ  Յուրի Խաչատուրովը պաշտոնավարեց ընդամենը 1,5 տարի:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում էական չհամարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հենց Հայաստանի կողմից թեկնածու առաջադրելու հարցը. դաշինքում, ըստ նրա, կարծես ավելի հակված են ռոտացիոն կարգով առաջ շարժվելու և Բելառուսի թեկնածությանը տեղ հատկացնելու հարցում՝ ասաց:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայությունը շատ փորձագետներ կարևորում էին հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից որևէ ոգնձգության դեպքում իրավիճակի մասին ՀԱՊԿ-ին արագ իրազեկելու և անհրաժեշտ միջոցառումներ նախաձեռնելու առումով: Ստեփան Գրիգորյանն այս նկատառումն իհարկե կարևորեց:

Այսօր մամուլում շրջանառվել է լուրը, թե Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը:

0:00
0:00