ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը
2019-01-06 09:50:00

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը՝ «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Սուրբ Պատարագը մատուցելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ են գնում և գիշերելու տեղ չեն գտնում: Նրանք ստիպված տեղավորվում են մի քարայրում: Այդ ժամանակ լրանում են Ս.Կույսի հիղության օրերը, և Հիսուս ծնվում է մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվում է մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:

Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն են տեղեկացնում Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր են գալիս, որոնց առաջնորդում է մի աստղ: Նրանք երկրպագում են Մանուկին, ընծաներ մատուցում: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեն՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:

Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոսը գալիս է Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:
Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:

Այսօր առավոտյան տոնական Ս.Պատարագից հետո` կատարվելու է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: