Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Շահումով խաղերի ու խաղատների մասին օրենքը վերջին տարիներին շարունակ փոփոխվում է: Ամեն փոփոխություն հաստատելիս գործադիր ու օրենսդիր մարմիններում վստահեցնում են՝ միտված է մտահոգիչ իրավիճակը շտկելուն:
Բայց տասնյակ նոր նախագծեր հաստատելով հանդերձ՝ այս ընթացքում խնդիրն ավելի է լրջացել. խաղադրույք կատարելը մեծապես տեղափոխվել է օն-լայն հարթակ, ավելի գրավիչ դարձել ու ավելի բարդ վերահսկելի:
Մյուս կողմից՝ վիճակախաղերից և բուքմեյքերական գործունեությունից հասույթն այնքան է մեծացել, որ առանց դրա արդեն տնտեսական աճն է կտրուկ նվազելու:
Տարբեր խմբագրական, տեխնիկական լուծումներից հետո այս աշնանը խորհրդարանից կառավարություն հասավ նախագիծ՝ միանգամից արմատական լուծում առաջարկելով՝ արգելել վիճակախաղերն ու ինտերնետ շահումով խաղերը: Հիմնավորում՝ Հայաստանում շարունակաբար ավելանում են մարդիկ, որոնք եկամտի ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը:
Նախագծի հեղինակներին մտահոգում է, որ այս խաղերը լայն տարածում են ստանում իրենց պարզության, լայն հասանելիության եւ ագրեսիվ գովազդի պատճառով: Մտահոգ պատգամավորներից է նաև Ալեն Սիմոնյանը: Նա լուծումը դեռ նոր փոփոխություններով է պատկերացնում, մասնավորապես:
« Նախատեսվի, որ ընտանիքի անդամը, օրինակ՝ կինը կարող է դիմել դատարան, և դատարանի որոշմամբ սահմանափակվի տվյալ մարդու մուտքը նման տարածքներ՝ թույլ չտալու խաղադրույքներ կատարել: Այսպիսի դրույք կա խաղատների դեպքում: Առաջարկը՝ որ նույնը կիրառվի նաև տոտալիզատորների դեպքում»:
Կառավարությունում ընդհանուր առմամբ համաձայնեցին մտահոգության հետ, սակայն նախագիծը դրական եզրակացության չարժանացավ: Նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի մտահոգությունները մի քանի պատճառով՝ մեկնաբանեցին գործադիրում ու պատճառաբանեցին՝ խաղերի որոշ տեսակներն արգելելու դեպքում խաղալու միջոցով եկամուտ ստանալուն հակված մարդիկ խաղատներ կգնան:
Իսկ տոտալիզատորի կազմակերպումը կարգավորող «Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու դեպքում տոտալիզատորները կդառնան չկարգավորվող և անվերահսկելի. ստվերային խաղերի դեմ պայքարն ավելի բարդ է լինելու: Ուստի առայժմ նոր սահմանափակում են կիրառում՝ գովազդի մասով: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր լրացումն ունի: Արման Թաթոյան:
« Օրենքով պետք է նախատեսվի՝ արգելել որևէ կերպ դիմել անչափահասին, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ կամ շահույթ ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է, ներշնչել, թե դրանով հասնում են հասարակական, մասնագիտական, սպորտային հաջողության»:
Իսկ մինչ կառավարությունում և ազգային ժողովում շահումով խաղերի ու դրանց հետևանքների դեմ պայքարի մեխանիզմներ են մշակում, այս և անցյալ տարիներին վիճակախաղերի և բուքմեյքերների հասույթը կտրուկ ավելացել է՝ տնտեսական աճի մեջ էական դեր ստանձնելով, 2017-ին, օրինակ, 7.5%: ։ Շահումով խաղերն ապահովել են ծառայությունների 19%-ը։
Տնտեսագետ Բաբկեն Թունյանի վերլուծությամբ՝ անցյալ տարի բուքմեյքերների ու վիճակախաղերի հասույթն աճել է ընդհուպ մինչև 35 %-ով և կազմել շուրջ 209 մլրդ դրամ: Ուստի այժմ կշեռքի նժարներին հետևյալ հարցերն են՝ հրաժարվել տնտեսություն մտնող մի քանի միլիարդ դրամի՞ց, թե՞ մինչև վերջ պայքարել շահումով խաղերի դեմ: Նույն մտահոգությունն ունի նաև դեռ պատգամավորության շրջանից մոլախաղերին դեմ հանդես եկող վարչապետ Փաշինյանը:
«Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը: Սա լուրջ խնդիր է: Շատ լուրջ: Ընտանիքներ, ճակատագրեր և այլն»:
Փաշինյանի մատնանշած լուրջ խնդիրն, օրինակ, Գերմանիայում լուծել են այսպես՝ 16 երկրամասերում յուրաքանչյուրն իր տարածքում որոշակի խաղային հաստատությունների թույլտվություն է տալիս: Լատվիայում տոտալիզատորի լիցենզիա տալիս են հատուկ պայմանագիր/համաձայնագրով: Խորվաթիայում տոտալիզատորների կազմակերպման լիցենզիաները տրամադրվում են խիստ սահմանափակ և միայն կառավարության որոշումներով: Հայաստանի դեպքում վարչապետը լուծումը պատկերացնում է տնտեսության դիվերսիֆիկացմամբ, որ խաղերի բերած եկամուտն այլ ոլորտներով փոխարինվի:
« Մենք ուզում ենք մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն՝ սննդի արտադրություն եւ այլն»:
Ատացվել է այնպես, որ մոլախաղերի ու հատկապես Երեւանը ողողած բուքմեյքերական գրասենյակների դեմ պայքարն ամենաուղղակի կերպով կապված է տնտեսական զարգացման հետ: Իսկ զարգացման նոր ծրագրերին սպասելուն զուգահեռ մոլախաղերի շուկան դեռ լայն թափով աճում է: