ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գոմք գյուղը դատարկվում է
2018-11-05 18:41:59

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում անասնապահություն զարգացնելու համար նպաստավոր պայմաններ կան, բայց երիտասարդներին գյուղում պահելու միջոցներ չկան: Անկախացումից ի վեր գյուղում միգրացիոն շարժը չի դադարել, վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթվածներով, արտագաղթել, եկել են Հայաստանի  այլ բնակավայրերց ու նորից հեռացել:

Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղը դատարկվում է: Տեղացիներն ապրելու դժվարություններից ենելով հեռանում են այլ բնակավայրեր՝ Մասիս, Աբովյան, Երևան, Վայք, արտագաղթել են նաև ՌԴ:   Գյուղի դպրոցում 25 երեխա է սովորում: 12-րդ դասարնում 3-ն են՝ 2 տղա մի աղջիկ:  Այս երեխաները միասին են 1-ին դասարանից: Տիգրանը որոշել է ավարտելուց հետո սովորել Երևանում:

«Ֆիզկուլտ ինստիտուտ եմ գնալու, ուսանող պիտի լինեմ»:

Հարցին՝ վերադառնալու է, Տիգրանը դժվարացավ պատասխանել, քանի որ գյուղում երիտասարդների համար զբաղվելու վայր չկա, ունեցածը միայն դպրոցի մարզադահլիճն է: Այդպես երիտասարդները չեն կապվում գյուղին: 


«Կուզեի ֆիտնես լւինել, որ գիշերները գնայինք ու զբաղվեինք»:

Գյուղի մշակույթի տունը կիսաքանդ է, նախկինում այստեղ մշակութային կյանքը զարգացած է եղել, հիմա փայտե դռներն ամուր կողպված են

«Դոնորներ եկան, խոստացան հիմնանորոգել, բայց գնացին ու էլ չեկան: Մենք հույսներս չենք կորցրել, սպասում ենք»:

«Կլուբ կար, կինո էլ էին ցույց տալիս, թենիս էլ կար, գյուղում բնակչությունը շատ էր, որ երիտասարդները շատ են լինում, նախաձեռնում են ինչ որ բան ու հետաքրքիր է անցնում օրը, իսկ այսպես՝ մարդիկ հեռանում են»:

Վաչագան Ստեփանյան 7 տարի առաջ է հեռացել գյուղից, Ռուսաստանում է ապրում, նոր իրողությունների հետ կապված, վերադարձել է, սակայն դեռ անորոշության մեջ է՝ մնա, թե գնա: Հետևելով Հայաստանում կատարվող փոփոխություններին Վաչագանը եկել էր համոզվելու դրանում:

Գոմքում մինչև 1988թ ապրել են ադրբեջանցիներ, հետո վերաբնակեցվել Ադրբեջանից, Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից բռնագաղթված հայերով: Քաղաքաբնակները չեն հարմարվել գյուղի կյանքին ու արտագաղթել Ռուսաստան: Գյուղում հիմա փախստականներից 3 ընտանիք է ապրում: Հայաստանի այլ բնակավայրերից էլ են եկել, նորից հեռացել: Շատերի համար Գոմքը դարձել է ամառանոց, ձմռանն այստեղ 24 ընտանիք է մնում:

«Ձմեռը մարդ ես ման գալիս, որ հավաքվես մի տեղ, զբաղվես»:


35-ի շեմը հատած  Եղիշե Սաֆարյանը  13 տարի առաջ  է վերաբնակեցվել Գոմքում, Վայքից է եկել, դեռ չի ամուսնացել, տնտեսությունն է կարգի բերում:  Ասում է այստեղ աշխատել ու ապրել ցանկացողը կմնա ու կապրի: Անասնապահությամբ ու մեղվապահությամբ է զբաղվում՝ 10 գլուխ խոշոր եղջերավոր ու  10 գլուխ մանր եղջերավոր անասուն ունի, որից 7-ը՝ այծ:  
Կաթնամթերքը իրենք են մշակում, հիմնականում պանիր են սարքում կովի ու այծի կաթի խառնուրդից: Տարիներ առաջ գյուղում պանրի արտադրամաս էր բացվել, գյուղացիները կաթի մթերման խնդիր չեն ունեցել: Հիմա պանրի արտադրամասը չի աշխատում:

Համայնքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը, նշեց, որ գյուղում  400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն, ոչխարների թիվն է պակասել, քանի որ լրիվ վաճառել են պարսիկներին: Հիմա մարդիկ կան, որ պատրաստեն մանր եղջերավորներ գնել ու պահել, եթե իրացման շուկան ապահովվի պետությունը:

Եղիշե Սաֆարյանն էլ է պատրաստ ավելացնելու մանր եղջերավորների թիվը, եթե որևէ ծրագրով մատչելի առաջարկ լինի, պատրաստ է 100 գլուխ  ոչխար ու այծ պահել: Մեծ գոմ ունի, արոտավայրեր կան: Անասնապահությունը զարգացնելու համար  նոր ծրագիր կա Գոմքում Վարչական  ղեկավարը Մխիթար Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղում Ռազմավարական զարգացման ծրագրով երինջներ են հատկացվել բնակչներին, առանց տոկոսի, ամսական մայր գումարի մարումով:

Դարերի վաղեմություն ունեցող հայկական գյուղը, որը ժամանակավոր բնակավայր էր դարձել ադրբեջանցիների համար, մշտական բնակատեղի չի դառնում տեղացիների համար, կամաց-կամաց դատարկվում է:

0:00
0:00