ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրք-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումներում առավելապես սիրիական թեման է
2019-01-08 12:15:11

Միացյալ նահագանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Անկարայում է: Բոլթոնն այսօր կհանդիպի Թուրքիայի պաշտպանության նախարարի և հետախուզության պետի հետ:

Թուրք-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումներում առավելապես սիրիական թեման է: Հայտնի է, որ անցյալ տարեվերջին ԱՄՆ նախագահը հայտարարել էր ամերիկյան զորակազմը Սիրիայից դուս բերելու մասին, Բոլթոնը նախօրեին ճշգրտել է` այդ նպատակի իրագործման ժամկետները կախված են լինելու քաղաքական որոշումներից:

Խնդիրն այն է, որ Վաշինգտոնը Անկարայից երաշխիքներ է պահանջում առ այն որ ամերիկյան զինուժի՝ Արաբական հանրապետությունից դուսբերումը սպառնալիք չի դառնա այնտեղ գտնվող քրդերի համար:

«Միացյալ նահանգները պահպանելու է քրդերին պաշտպանելու իր դիրքորոշումը՝ անգամ երբ ամերիկյան զինուժը հեռանա Սիրիայից և պահանջում է Թուրքիայից Սիրիայի տարածքում Վաշինգտոնի դաշնակիցների անվտանգության երաշխիքներ»,- նախօրեին` մինչ Անկարա ժամանելը, Իսրայելում անցկացրած հանդիպումների արդյունքներով հայտարարել է Ջոն Բոլթոնը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շեշտել է՝ Թրամփը թույլ չի տա Թուրքիային սպանել քրդերին:

Վաշինգտոնը կարծում է, որ Թուրքիան չպետք է սկսի ռազմական գործողություններ Սիրիայում, եթե դրանք ամբողջությամբ համաձայնեցված չեն ամերիկյան կողմի հետ: Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան զինուժը Սիրիայից դուրս բերելու հստակ ժամկետներ ուրվագծված չեն:

Ի դեպ նախօրեին NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան իր իրազեկ աղբյուրին հայտնել էր, որ Սիրիայի հարավում այնուամենայնիվ կմնա որոշակի ամերիկյան զորակազմ, իսկ այն հատվածը որը կհեռանա Արաբական հանրապետությունից ոչ թե տուն կվերադառնա, այլ կուղևորվի Իրաք:

ԱՄՆ նախագահ Թրամփը ամերիկյան զորակազմը Սիրիայից դուրս բերելու մասին հայտարարել էր անցյալ տարեվերջին՝ դառնալով սուր քննադատության թիրախ: