ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սուր շնչառական հիվանդությունների ակտիվացումը օրինաչա՞փ
2019-01-08 17:10:53

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Տոնական օրերից հետո հանրապետությունում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում: Հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են նկատելի ծանրաբեռնվածությամբ: Դրանում «Ռադիոլուրն» այսօր անձամբ է համոզվել՝ այցելելով «Արաբկիր» բժշկական կենտրոն ու զրուցելով մասնագետների հետ:  Այս իրավիճակում ամենաօգտակարը, թերևս, մասնագիտական խորհուրդներն են:

0:00
0:00

Հանրապետությունում առկա է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում: Դրանում համոզվելու համար մեզ պետք էր ընդամենը մի քանի րոպե անցկացնել «Արաբկիր» բժշկական կենտրոնի ընդունարանում ու տեսնել մանկաբույժների մոտ հիվանդ երեխաների հետ իրենց հերթին սպասող ծնողների բազմությունը:

«Այո, հանրապետությունում առկա է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում և դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է  կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,-որպես առաջին կանխարգելիչ միջոց, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի նորածնային բաժնի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը ծնողներին հորդորում է՝ հիվանդության ախտանշաններ ունեցող երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ:

Հնարավորինս շատ օգտագործել հեղուկներ, երեխային սովորեցնել  հետևել անձնական հիգիենայի կանոններին. բժշկուհու օգտակար խորհուրդների ցանկից են: Մարի Դարակչյանի խոսքով՝ ոչ վիտամին C-ն, ոչ էլ առավել ևս վզից կախված սխտորը երեխային չեն օգնի, եթե ժամանակին չդիմեն մասնագետի օգնությանը:

Հարևան Վրաստանում խոզագրիպն արդեն 10 մարդու կյանք է խլել, ինչպիսին է իրավիճակը Հայաստանում. հարցին բժշկուհին արձագանքում է

«Պետք է պարզապես ժամանակին դիմել բժշկի ու կանխել հետագա բարդությունները»

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը խոզագրիպի առկայությունը առնվազն մայրաքաղաքի մանկապարտեզներում ընդհանրապես բացառում է:

Ի դեպ, անդրադառնալով խնդրին,  առողջապահության նախարարի պաշտոնակատար  Արսեն Թորոսյանը ևս  առկա  իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը բնորոշել է համահունչ գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։

«Հանձնարարել եմ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից»:

Գրառման մեջ Արսեն Թորոսյանն ընդգծում է, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասն օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչը անթույլատրել է համարում: