ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Դեղին բաճկոնները»՝ ընդդեմ Մակրոնի
2019-01-08 19:30:10

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

«Դեղին բաճկոնները»՝ Մակրոնի դեմ. Ֆրանսիայում առաջիկա հանգստյան օրերին կանցկացվեն բողոքի հերթական գործողությունները՝  որոնց մասնակիցները արդեն պահանջում են ոչ թե վառելիքի գների վերանայում, այլ  վճռականություն են դրսևորում  Ֆրանսիայի կառավարության ու նախագահի հրաժարականին հասնելու հարցում:

Մինչ այդ՝ ապօրինի գործողությունները ճնշելու հարցում վճռական է տրամադրված նաև Ֆրանսիայի կառավարությունը։ Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, իսկ իրավապահները նախապատրաստվում են հունվարի 12-ի գործողություններին՝ Փարիզի փողոցներ բերելով լրացուցիչ ոստիկանական ուժ և զրահատեխնիկա։

0:00
0:00

Ֆրանսիայի վարչապետը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով նախազգուշացրել է. անկարգությունների և չհամաձայնեցված բողոքի գործողությունների համար պատիժն ավելի խսիտ է լինելու քան նախկինում։ «Դեղին բաճկոնների» ու ցուցարարների կոշտ բախումներից հետո իշխանությունները մտադիր են ավելի կոշտ պատժել օրինազանցներին՝ երկրի համապատասխան օրենսդրության մեւ փոփոխություններ մտցնելու ճանապարհով: TF1 հեռուստաալիքի եթերում Էդուարդ Ֆիլիպը ճշգրտել է. բողոքի գործողություններ անցկացնելու իրավունքը Ֆրանսիայում չի սահմանափակվում, սակայն պատժվելու են նրանք, ով խախտում է օրենքը: «Վերջին խոսքը հանցագործներին չի պատկանելու»,- Ֆրանսիայի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն:

Օրենսդրական փոփոխությունները կիրականցվեն  փետրվարից, մինչ այդ իշխանությունները նախապատրաստվում են հաջորդ հանգստյան օրերին սպասվող բողոքի գործողություններին։ Դրանք տեղի կունենան հունվարի 12-ին, կատարվում է իրավապահների մոբիլիզացիա՝ պահպանելու հասարակական կարգը և թույլ չտալու բռնություն։ Այդ օրը հերթապահություն կիրաիանացնի լրացուցիչ 80 հազար ժանդարմ, Փարիզ կբերվի նաև զրահատեխնիկա:

Փարիզում բնակվող մեր հայրենակցուհի Լիանա Մարգարյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ «դեղին բաճկոնների» բողոքի գործողություններին մասնակցող  ֆրանսիացիները անկարգություններ, օրինազանցություն թույլ չեն տալիս, դա ավելի շատ բնորոշ է ռադիկալ տարրերին, թեև շեշտում է. ֆրանսիական հասարակության մեջ մեծ է կառավարության վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունը: Նրա խոսքով, իշխանությունների կոշտ միջոցները ցուցարարներին չեն կանգնեցնի։

«Կրքերն ավելի շատ են բորբոքվելու, քանի որ նրանք դեմ են Մակրոնին և նրա կառավարության քաղաքականությանը՝ ֆրանսիան թանկ երկիր է դարձել ֆրանսիացիների համար, մարդիկ աշխատում են, սակայն լիարժեք հոգալ իրենց ապրուստը չեն կարողանում՝ բարձր հարկերի, բարձր գների  պատճառով»:

Լիանա Մարգարյանի խոսքով, ֆրանսիական հասարակության մեջ օրեցօր աճում է դժգոհությունը միգրանտների հետ կապված երկրում ստեղծված իրավիճակից:

«Միգրանտների խնդիրն ամենալուրջն է այստեղ, թեև Մակրոնը կոշտ քաղաքականություն է վարում նրանց նկատմամբ, սակայն միգրանտների կյանքն այստեղ ավելի ապահով ու լավն է քան ֆրանսիացիները։ Նրանք ստանում են մեծ օգնություն պետությունից, և դրա համար ստիպված են վճարել ֆրանսիացի հարկատուները։ Ես հաճախ եմ լսում այդ դժգոհությունը ֆրանսիացիներից»:

Ի դեպ, Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի գործողությունների կազմակերպիչներից ու ակտիվիստներից է հայազգի Հայկ Շահինյանը։ Մենք այսօր նրա հետ ևս փորձեցինք կապ հաստատել, ֆրանսիական հեռուստա և ռադիոեթերի հաճախակի հյուրը Հանրային ռադիոյի հարցերին կպատասկանի առաջիկա օրերին։