ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախում օրենսդիրները տոնացույցում փոփոխություններ են ամրագրել
2019-01-09 12:40:27

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

Տարեմուտից առաջ Արցախի Ազգային ժողովն օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում` դրանց շնորհիվ Հայաստանի եւ Արցախի պետական տոնացույցների միջեւ տարբերությունները կրճատվել են: Որոշ դեպքերում էլ Հայաստանում նշվող տոներին Արցախում նոր երանգ են տվել:

0:00
0:00

Այս տարի Ամանորն ու Սուրբ Ծունդն Արցախում տոնել են գործող տոնացույցով, որի համաձայն տոնն ունի նույն անունը, ինչը որ Հայաստանի Հանրապետությունում է՝ Ամանոր և Ծննդյան տոներ: Արցախում փոխել են տոնի անվան երկրորդ մասը:

Նոր օրենքի համաձայն՝այսուհետ Արցախում նշելու են նաեւ հունվարի 28-ը: Հայոց բանակի օրն արցախյան տոնացույցում ամրագրված չէր, փոխարենը Արցախում նշում էին խորհրդային տարիներից ժառանգություն մնացած փետրվարի 23-ը: Օրենսդիրներն այդ օրը հանեցին տոնացույցից` ամրագրելով հունվարի 28-ը:

Արցախյան փետրվարյան օրացույցը ՀՀ տոնացույցից տարբերվում է էականորեն: Փետրվարի 20-ն ամրագրված է, որպես Արցախի Վերածննդի օր: Ավանդույթի ուժով նշվում են փետրվարի 13-ը, որպես արցախյան շարժման սկիզբ եւ փետրվարի 28-ը որպես Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակի օր: Նոր օրենքով փետրվարի 28-ը ամրագրվեց ` ավելի ընդգրկուն իմաստով:

Նախկինում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, մարտի 8-ը Արցախում էլ էր ոչ աշխատանքային: Հիմա այն աշխատանքային օր կլինի:

Մայիսի 1- ը ոչ աշխատանքային է նաեւ Արցախում. Այն տարբերությամբ, որ հայկական երկրորդ հանրապետությունում նշում են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

Մայիսյան տոնացույցը հայկական երկու հանրապետություններում բավականին տարբերվում է. Մայիսյան պաշտոնական տոնակատարությունները Արցախում սկսվում են մայիսի 7-ից, թեեւ տոնացույցում միայն մեկ օր է ամրագրված՝մայիսի 9-ը՝ Հաղթանակի տոն, ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օր:

Արցախյան տոնացույցում չկա ու չեն նշում Երկրապահի օրը:

Փոխարենը՝տոնացույցում ամրագրված է Մայիսի 28-ը որպես Հայաստանի Առաջին Հանրապետության օր: Ամրագրված է, բայց անցնում է աննկատ:

Հենց այս հանգամանքն է, որԱրցախի Ազգային ժողովի պատգամավորներ Ռոմելա Դադայանին եւ Ռիտա Մնացականյանին դրդել է տոնացույցին անդրադառնալ: Նրանք առաջարկել են մայիսի 28-ին նշել Հայոց պետականության վերականգնման և ՀայաստանիԱռաջին Հանրապետության օր: Առաջարկը չի ընդունվել եւ այսուհետ եւս տոնը կոչվելու է Հայաստանի Առաջին Հանրապետության օր:

Արցախյան տոնացույցում նոր օրենքով ավելացվել է 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում նշվող Ընտանիքի օրը`մայիսի 15-ին եւ հունիսի 14-ին նշվող Բռնադատվածների օրը:

Իսկ ահա Սեպտեմբերի 21-ը Արցախյան տոնացույցում այդպես էլ չի ներառվել: Փոխվել է Սեպտեմբերի 2-ի տոնի անունը. Ինչը պետք է այլեւս շփոթմունքի տեղիք չտա: Այսուհետ նշելու ենք Արցախի Հանրապետության հռչակման օրը, ինչը համապատասխանում է օրվա պատմական խորհրդին: Արցախի անկախության հետ կապված տոնը նշում են դեկտեմբերի 10-ին: Այդ օրը 1991 թվականին ԼՂՀ անկախության հանրաքվեն է տեղի ունեցել, իսկ 15 տարի անց ընդունվել է Արցախի առաջին Սահմանադրությունը: Տոնի անունը նոր օրենքով լրացվել է:

Արցախում, բնականաբար, հուլիսի 5-ը , որպես Սահմանադրության օր չի նշվում: