Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Տարեսկզբից փոքր ու միջին տնտեսավարողներն սկսել են ձեռք բերել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սա Հարկային օրենսգրքի պարտադիր պահանջներից է: Փորձագետները կարծում են՝ 160 հազար դրամը բեռ է փոքր բիզնեսի համար:
Կառավարությունում որոշել են՝ սահմանամերձ համայնքների փոքր տնտեսավարողներին հնարավորություն կտրվի նոր սերնդի ՀԴՄ-ները անվճար ձեռք բերել:
2019 թվականից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն. սա Հարկային օրենսգրքի պարտադիր պահանջներից է: Նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումն իրականացվել է փուլերով:
ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանը «Ռադիոլուր»-ին պարզաբանեց՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը սկսվել է 2013թվականից: Նույն տարվա դեկտեմբերի մեկից առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև՝ միջինները:
Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է արդեն փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Նախ՝ Երևանի առևտրի կետերով շրջեցինք՝ պարզելու համար փոքր տնտեսվարողները ձեռք բերե՞լ են ՀԴՄ նոր սարքեր, թե՞ ոչ.
«Գինը թանկ է, չեղած տեղից որտեղից տանք, գումարը մեծ է: Երեք փոքր խանութ ունենք՝ արենդայով ենք վերցրել, դե պատկերացրեք, ո՞ նց անենք»:
160 հազար դրամ. տնտեսվարողները այսքան պետք է վճարեն նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու համար: ՊԵԿ-ը հնարավորություն տվել է՝ կարող են երկու տարվա ընթացքում գումարը վճարել: Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ ներկայացնողները չեն տուգանվի։ ՀԴՄ-ի գինը մոտ է ինքնարժեքին,- ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Անդրանիկ Մուրադյանը:
«Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց՝ իհարկե փոքր բիզնեսին ոչինչ չի տալու. «Մանր բիզնեսին ոչինչ չի տալու, այլ տալու է ՊԵԿ-ին՝ վերահսկողությունը ավելի կոնկրետ անցկացնելու համար»:
ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորեց նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը:
Ինչ կտան ՀԴՄ նոր սարքերը փոքր բիզնեսին
Սպառողների շահերը նույնպես պաշտպանվում են այս կերպ:
ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը միևնույնն է չի հասկանում, թե հեռավոր գյուղերի փոքր խանութների ինչին են պետք նոր սերնդի ՀԴՄ-ները. « Եթե դու պարտադրում ես, որ բոլորը ՀԴՄ տեղադրեն, նշանակում է, որ պարտադրում ես Կապանի Անտառաշատ համայնքի մի փոքր խանութում աշխատող տատիկի 160 հազար դրամ վճարի, օգտվի: Պատճառը ո՞րն է, որ պետք է փոքր բիզնեսը տեղադրի»:
Համբարձումյանն առաջարկում է տնտեսվարողին ազատ աշխատելու հնարավորություն տալ: ՓՄՁ ապագայի կանխատեսումներում լավատես չէ.
«Էն փոքր խանութները, որոնք մինչև հիմա կամուկացի մեջ էին, փակեն, թե ոչ՝ փակվելու են: Կարող է քանակային քիչ լինեն, բայց փակվելու են»:
«Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը չի կարծում, որ ՓՄՁ-ն փակվելու խնդրի առջև կկանգնի. « Չեմ կարծում փակվելու վտանգի խնդիր լինի: Առաջինը նախազգուշացում է լինելու, բացի այդ ՊԵԿ հնարավորություն է տվել, միանգամից ձեռք չբերել, այլ այս պահին տնտեսվարողը կարող է էլեկտրոնային դիմում ներկայացնել, սպասել պատասխանին: Դրանից հետո ամսական 10 հազար դրամ վճարում կատարելով, կարող է ձեռք բերել սարքը: Չեմ կարծում, որ տնտեսվարողը ամսական տասը հազար դրամ վճարելով փակման եզրին կանգնի:
Սահմանամերձ համայնքներում փաստացի գործունեություն իրականացնող տնտեսվարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար: