ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորքային ռեֆորմացիա, թե՞ դեֆորմացիա
2019-01-09 17:10:00

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սոցիալական ցանցերում բուռն կերպով քննադատվում է նորակոչիկներին տեղափոխած ավտոբուսի վրա հարձակումը: ֆեյսբուքյան օգտատերեր Արման Հայրապետյանը գրում է, որ  հանրությունը պետք է իրազեկվի դրանց պատժի ձևի ու չափի մասին, որ սրանից հետո նման բան ոչ մեկի մտքով անգամ չանցնի անել:

Ֆեյբուքյան օգտատեր Աղասի Կարապետյանն էլ  դատապարտելի է որակել կատարվածը սակայն նաև նշում, որ նրանց արածն ուղղակի խուլիգանություն է, պետք չէ շատ խիստ վերաբերվել, տեսանյութից երևում է որ բոլորն էլ զորակոչային տարիքի են գրում է նա:

Սակայն գերակշռում է այն տեղակետը, որ եթե էդ տեսանյութի «հերոսները» մարսեն արածը՝ իմացեք զարհուրելի նախադեպ է տված: Ծնողը երեխային բանակ է ուղարկում՝ դեռ տեղ չհասած ավտոբուսի վրա հարձակվում են, ներխուժում են ներս, խառը քաշքշում ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում:

Եթե զորակոչիկների ավտոբուսը չենք կարողանում պաշտպանել, բա էլ ի՞նչ ենք կարողանում գրում է Վազգեն Թորոսյանը: իսկ որն է կատարվածի իրավական գնահատականը և ինչ լուծումներ են տեսնում այս հարցում պաշտպանության նախարարությունում:

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակում գործածների ինքնությունը պարզվել է՝ տեղեկացնում է  ռազմական ոստիկանությունը:

Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ-ը և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են պատասխանատվության: ՌՈ-ը  ևս կոչ է անում ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, դատապարտելով կատարվածը, չբացառեց նորակոչիկներին տեղափոխելու ընթացակարգում որոշ փոփոխությունների հնարավորությունը.

«Այո, ծառայողական քննություն է տարվում, հնարավոր է նաև փոփոխություններ լինեն»:

Հունվարի 8-ին՝ ժամը 10։30-ից 11։30-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով  հետապնդել են ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող  «ՊԱԶ-32053» մակնիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածել են  ավտոբուսին՝ վնասել այն՝ նշված է ռազմական ոստիկանության հայտարարության մեջ։

Համացանցում տեղադրված  միջադեպի տեսանյութից պարզ է, թե ինչպես Երևանում՝ Շարուրի փողոցում, ավտոբուսը հետապնդողները կանգնեցնում է դա, երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնում։ Ըստ ռազմական ոստիկանության՝ նրանք բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի  նկատմամբ, հարվածել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փաստի կապակցությամբ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված խուլիգանության, նաև ուրիշի գույքը ոչնչացնելու  կամ վնասելու հատկանիշներով։  Փաստաբան Գևորգ Գյոզալյանի կարծիքով՝ նվազագույնը ինչ պետք է անել, դա նշված հոդվածի կիրառումն է: Իսկ դեպքն առհասարակ «Ռադիոլուրի» հետ զրույցում որակեց որպես պետական դավաճանությանը հավասար արարք.

«Սա պետական դավաճանություն պետք է որակել։ Ասվածս փոխաբերական իմաստով հասկացեք, 30 տարի այս մշակույթը չկարողացանք արմատախիլ անել: Նման խեղաթյուրված հոգեբանությամբ գնալու են բանակ ու չեն կարող կենտրոնոնալ ծառայության վրա»:

Տեսանյութի հրապարակումից հետո սոց ցանցերի մասնավորապես ֆեյսբուքի որոշ օգտատերեր մեղադրել են ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական ուժերի կողմից։

Այս մեղադրանքի հետ կապված ոստիկանությունը պարզաբանում է՝ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:

Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն, կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել զինակոչիկներին ուղեկցել  մինչև հավաքակայան։