ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սփյուռք-կառավարություն հարաբերությունները առավել արդյունավետ դարձնել. Նիկոլ Փաշինյան
2019-01-10 12:18:18

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է Սփյուռքի նախարարության լուծարման հետ կապված մտահոգությունների մասին:

«Կարծում եմ, թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ և այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Վարչապետի պաշտոնակատարը նաև ասել է, որ հետևողական, մտածված քայլերի արդյունքում արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և պետք է գոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանում պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով ու այն համարում են իրենց լուծելիք խնդիրը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ունենալ 12 նախարարություն՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, բնապահպանության նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն, ֆինանսների նախարարություն: