ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես են Գործադիրի արդեն նախկին անդամները գնահատել իրենց աշխատանքը
2019-01-10 18:14:51

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գործադիրի անդամներից  մի քանիսն այսօր «Ռադիոլուրի» խնդրանքով գնահատել են իրենց աշխատանքն անցած ամիսների ընթացքում: Կառավարության ժամանակավոր անդամների հիմնական մասը կարծում է, որ լավ են աշխատել:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ նոր ստեղծվող  բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության  նախարարի պաշտոնը վստահվելու  է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին:

0:00
0:00

Կառավարությունն այս կազմով այսօր ըստ էության իր վերջին նիստն անցկացրեց: Հենց նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության անդամներից  երեքը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նոր կառավարության կազմում չեն լինելու: 

«Ես ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել՝ կառավաությունում մեր համատեղ աշխատանքի համար և  հույս հայտնել, որ ԱԺ-ում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանն առնվազն նույնքան կնպաստեն»:

Դեպի խորհրդարան կառավարությունն իր անդամների ծափերով  ճանապարհեց:

Արարատ  Միրզոյանն արձագանքեց՝ նաև գործընկերների անունից .

«Ոչ այնքան որպես պարտավորություն, որքան արտահայտվելու ցանկություն, ես շատ շնորհակալ եմ: Անկեղծ ասած խոսում եմ իմ և գործընկերներիս անունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ մեր հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական աշխատանք էր ու շատ պատասխանատու: Հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն»:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն  անդրադարձավ նաև կառավարության կազմի ու կառուցվածքի օպտիմալացմանը: Նա արձանագրեց, որ գործընթացի իմաստը փող խնայելը չէ, ավելի կարևոր նպատակ կա՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը։

Սփյուռք-կառավարություն հարաբերությունները առավել արդյունավետ դարձնել. Նիկոլ Փաշինյան

Անդրադարձավ նաև Սփյուռքի նախարարությանը, ասաց, որ խաչ չեն քաշում գերատեսչության վրա: 

«Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով, մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայտնի է արդեն, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:

Նրան վստահվելու է նոր ստեղծվող բարձր տեխնոլոգիաների  և արդյունաբերության նախարարության ղեկավարումը։ Ինչպես է Հակոբ Արշակյանը գնահատում անցած ամիսների  իր աշխատանքը, ծրագրվածի քանի տոկոսը հասցրեց անել՝ հարցնում եմ.

«Մի մեծ տոկոսը հաջողվեց անել, ճանապարհային ոլորտում  մենք ահռելի հաջողություններ ունենք»:

Կառավարության անդամներն այսօր իրենց աշխատանքի գնահատականներում շռայլ էին, մեկնաբանություններում՝ ժլատ.  բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան

«Լավ, խնդիրների մեծ մասը լուծել ենք»:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը դրական է գնահատում իր աշխատանքը:

Այսօր նաև  պարզվեց՝ տնտեսության վիճակն էլ է լավ: Գնահատականը տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանինն էր: