ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ հերթականությամբ են ընթացել ձնամաքրման աշխատանքները
2019-01-14 16:20:03

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այս ձմռան առաջին ձյունը հասավ նաև Երևան: Երեկ երեկոյան մի քանի ժամ անդադար տեղացած ձյունը փակեց ու անանցանելի դարձրեց մայրաքաղաքի բոլոր փողոցները, բակերն ու մայթերը:

Քաղաքապետարանը դեռ երեկոյան սկսեց ձնամաքրման աշխատանքները  «Սանիտեք» ընկերության հետ, բայց այնուամենայնիվ, ձնամաքրման աշխատանքներից դժգոհողներ կան: «Ռադիոլուրը» շրջել է քաղաքի փողոցներում` տեսնելու ինչ իրավիճակ է:

0:00
0:00

Երեկոյան մայրաքաղաքում տեղացած ձյունը երկկողմանի աշխուժություն առաջացրեց. ձնամաքրման մեքենաները սկսեցին աշխատել դեռ երեկոյան, քաղաքացիները դրսում սկսեցին վայելել չդադարող ձյունը:

Այսօր առավոտյան արդեն երթևեկությունը դանդաղել էր, բայց անանցանելի փողոցներ չկային: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հաստատեց՝ այս պահին մաքրած են Երևանի բոլոր փողոցները:

Ինչպե՞ս, ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են ընթացել ձնամաքրման աշխատանքները՝ մանրամասնում է Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետարանը և «Սանիտեք» ընկերությունը, որն իրականացնում է ձնամաքրման աշխատանքները մինչև ձյան սկսվելը պատրաստ էին իրականացնել աշխատանքներ ձյան սկսվելուն պես»: 

Փողոցներն ու մայթերը մաքրվա՞ծ են, թե՞ ոչ. հարցը՝ երևանցիներին: Դժգոհություններ էլ, գոհունակությունն էլ կան, պատասխանները միանշանակ չէ: Հիմնական բողոքը ծայրամասերում պակաս ուշադրությամբ ձնամաքրման աշխատանքներ իրականացնելն է:

Խոսում են քաղաքացիները, փոխանցում իրենց ասելիքն անձամբ քաղաքապետին:

«Մեր սիրելի քաղաքապետը թող ուշադիր լինի՝ չընկնենք ջարդվենք»: 

Քաղաքապետի մամուլի խոսնակը դեռ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառմամբ խնդրել էր քաղաքացիներին գրել  ձյան պատճառով առաջացած խնդիրների մասին, գրել այն հասցեները, որտեղով ձնամաքրման մեքենաներ երեկվանից չեն անցել:

Կարապետյանն ասում է՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ ձյունը Երևանում հաճախակի երևույթ չէ: Քաղաքացիների հետ շուրջօրյա կապը օգնում է ճիշտ ու արդյունավետ կազմակերպել աշխատանքները: Եվս մեկ անգամ հորդորում է՝ բողոքելու փոխարեն նշել ձնով ծածկված փողոցների ու մայթերի հասցեներ:

«Ինչքան ավելի կոռեկտ և ադեկվատ լինեն քաղաքացիների ահազանգերն, այնքան ավելի շատ կշահի քաղաքը»: 

Երեկոյան ձնամաքրման աշխատանքներից դեռ դժգոհ էր անձամբ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Երևան-Եղվարդ ավտոճանապարհից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց քաղաքացիների հետ:

«Մեր աշխատակցիներն ակտիվորեն հետևում են ձնամաքրման աշխատանքներին»: 

Նախարարի պաշտոնակատարի հորդորը վարորդներին. լինել ավելի զգոն ու ուշադիր, չերթևեկել ամառային անվադողերով, հույս դնել միայն մաքրված ճանապարհների վրա: