ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լարսն անցնելու հին խնդիրների նոր դրսեւորումները
2019-01-14 19:55:07

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Ռադիոլուրին» իրենց դժգոհությունն են փոխանցել Վերին Լարսն անցնելու իրենց հերթին սպասող մի շարք հայ բեռնափոխադրողեր, որոնք բացի ճանապարհն անցնելու տեխնիկական խնդիրներից, նաեւ վրացական կողմի անփույթ մոտեցումից են բողոքել: 

0:00
0:00

Վերին Լարսի ճանապարհին՝ Թբիլիսին շրջանցող ուղու վրա՝ Սլավյանկա կոչվող հատվածում, արդեն 9-րդ օրն ՝ կուտակվել է հայկական 400-500 բեռնատար: «Ռադիոլուրի» հետ զրույցում այստեղ Լարսը անցնելու իրենց հերթին սպասողների անունից Գարիկ Հովհաննիսյանը դժգոհությունն ու խնդիրը ներկայացնում է այսպես:

«400-500 հայկական մեքենա ավելի քան 10 օր է կուտակված կանգնած է այստեղ:  Մեզ ոչ մոտենում են, ոչ ինչ-որ բան են ասում: Վառելիքը վերջացել է, սնունդը վերջացել է: Ոչ մի օգնություն կամ ինչ-որ բան չեն ցուցաբերում»:

Զրուցակիցս նկատում է, որ Լարս հասնելիս ու անցնելիս վրացիներն ու թուրքերը կարողանում են շրջանցել իրենց, հասնել Դուշեթի ու Մլեթի՝ ավելի վաղ անցնելով Վերին Լարսը: Հայերի հանդեպ միտում չեն տեսնում, բայց սա վերագրում են վրացական իշխանությունների անփույթ վերաբերմունքին:

«Թուրքական մեքենաները գնում են, հյուպատոսին խաբում են, թե Թուրքիա են գնում. այս նույն ճանապարհը նաեւ Թուրքիա է տանում: Բայց գնում են, Վերին Լարսի մոտ են կանգնում: Այսինքն՝ նրանք էլ են հայտնվում հերթում, բայց մեզանից առաջ»:

Գարիկ Հովհաննիսյանն ասում է՝ իրենց պարզապես հորդորել են՝ սպասել:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ռադիոլուրի» հետ զրույցում բացառեցին նման խնդիրը: Դեսպանատան տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը սա համարում է չափազանցված խնդիր: Բեռնատարների կուտակումներ, այո, կան՝ չի հերքում Հայրապետյանը, բայց եւ հայտարարում է՝ կուտակումները միայն հայկական մեքենաների համար չեն:

«Բացառում եմ, որ որեւէ կողմի առավելություն են տալիս: Այո, բացառում եմ: Նաեւ այն, որ 9 օր է արդեն կանգնած են: Դա եւս անհնար է»:

Դեսպանատան ներկայացուցիչը վստահ է, որ այս դժգոհությունը պարզապես ուշադրություն գրավելու համար է: Նախկինում եւս նման բողոքներ են հասել իրենց: Հետագայում պարզվել է, որ խնդիրները չափազանցված են ներկայացվել:

«Ես վրացական կողմի հետ ամենօրյա շփման մեջ եմ: Նրանք պնդում են, որ անհնար է մի կողմին առավելություն տալ: Ինչու պետք է թուրքական բեռնատարներին առավելություն տան: Նրանք պնդում են, որ նման դեպքում իրենց անմիջապես աշխատանքից կհեռացնեն»:

Հայ վարորդներին մտահոգում էր նաեւ, որ իրենք չեն կարողանում շրջանցել Լարսը, քանի դեռ ճանապարհները բաց էին: Իսկ այսօր՝ ժամը 16-ի դրությամբ արդեն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար՝ հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ ռուսական կողմում կուտակվել է 70 բեռնատար ավտոմեքենա: Որքանով էր չափազանցված բեռնափոխադրողների ներկայացրած խնդիրը, հարցի այլ կողմն է, իսկ այժմ նրանք արդեն ստիպված են սպասել նաեւ եղանակի պատճառով փակված ճանապարհն անցնելու իրենց հերթին: