ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռեյտինգային ընտրակարգի հնարավոր ազդեցությունը՝ քաղաքական խճանկարի վրա
2018-11-06 17:32:53

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հին Ընտրական օրենսգրքով անցկացնելու ամենաինտրիգային պահը շատերը համարում են այնտեղ գոյություն ունեցող ռեյտինգային ընտրակարգը:

Ոմանց համոզմամբ՝ ռեյտինգային ընտրակարգի հնարավոր ազդեցությունը ապագա խորհրդարանի քաղաքական խճանկարի վրա բավականին ռիսկային է եւ այն դառնալու է ավելի վտանգավոր՝ իր ազդեցությամբ:


Փորձագիտական շրջանակներում նաեւ կա համոզվածություն, որ ռեյտինգային ընտրակարգը չի խրախուսում քաղաքական բանավեճերը, ընտրությունները դարձնում է ապաքաղաքական եւ նպաստում է, որ խորհրդարան մտնեն ապաքաղաքական դեմքեր՝ առաջ մղելով զուտ սեփական բիզնես շահերը:

  

Ընտրական օրենսգրքում ռեյտինգային համակարգի գոյությունը նպաստում է, որ մենք արտահերթ խորհրդարանական ապաքաղաքական ընտրություններ ունենանք: Այս կարծիքին է վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը:

Ըստ նրա՝ այդ համակարգը թույ չի տալու նաեւ, որ խորհրդարանում կանանց թիվն ավելի ընդգրկուն լինի: Դա վկայում է նաեւ փորձը: Սա խնդրահարույց է, մինչդեռ, մեծ հաշվով մենք ուզում ենք ավելի ներառական խորհրդարան ունենալ՝ ասաց նա:

«Էս ընտրակարգը բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ հնարավորություն է տալու հնարավորություն ունեցող անհատներին եւ այստեղ արդեն ծրագրերի մասին խոսելը շատ քիչ հավանական է լինելու: Համալիր փոփոխությունների իրական շանս կար, որակապես այլ պառլամենտ ունենալու շանս կար. մենք, որպես երկիր, լավ ռեֆորմներ ունենալու հնարավորություն կորցրեցինք»:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը համակարծիք է, որ ռեյտինգային համակարգը նպաստելու է ընտրությունների ապաքաղաքականացմանը:   

«Այստեղ վարկանիշի ընտրություն չի: Այստեղ հնարավորության ընտրություն է, այսինքն՝ ով շատ հնարավորություն ունի տվյալ ընտրական տեղամասում՝ որպես անհատ, եւ որպես կուսակցություն, նա էլ մեծ հնարավորություն ունի, որ շատ ավելի քվե կհավաքի: Բնականաբար, բացառվում են բանավեճերը, քաղաքական քննարկումները: Այնպես որ՝ հատկապես ռեյտինգային համակարգը որպես «տրոյական ձի» կծառայի շատ ապաքաղաքական անձանց՝ խորհրդարան անցնելու համար:  Տարբերություն չկա x գործարարն անցնելու է ՔՊ-ի հովանու ներքո, թե առաջ անցնում էր Հանրապետականի: Ինքը նույն մարդն է, ունի իր շահերը եւ առաջ է մղելու սեփական բիզնես շահերը»:

Ստացվում է, որ մենք կունենանք մի փոքր ավելի լավ, քան նախորդ խորհրդարանը, բայց՝ մեր ակնկալիքներից էապես ավելի վատ խորհրդարան՝ եզրակացրեց Արա Պապյանը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքը լսենք.

«Ռեյտինգային համակարգը, ես կարծում եմ, ունիվերսալ համակարգ է, որը միշտ էլ, այնուամենայնիվ, աշխատելու է օրվա իշխանության համար: Կարծում եմ, որ բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու որակական առումով. մենք կունենանք որոշ չափով ապաքաղաքականացված զանգված խորհրդարանում, որոնք  հիմնականում, երեւի թե,  ռեյտինգայինով կանցնեն»:

Արա Պապյանի ձեւակերպմամբ՝ եթե, իսկապես, ուզում ենք ունենալ քաղաքական ներկայացուցչական մարմին, ապա՝ այս խորհրդարանը պետք է լինի անցումային եւ գործի 2 տարի, որի ընթացքում փոփոխվեն ԸՕ-ը, Սահմանադրությունը, հետո անցկացվեն նոր ընտրություններ:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, չի կարծում, թե նոր ԸՕ-ը հրաշք էր գործելու եւ մենք ունենալու էին ավելին, քան կա Հայաստանում:  

«Չենք կարող ունենալ քաղաքական ընտրություն՝ միայն անունը դնելով «քաղաքական»: Ի՞նչ կուսակցություններ ունենք, որ մտածում ենք՝ համամասնականի ու ռեյտինգայինի՝ քաղաքական դարձնելու մասին: Ունենք մի հեղափոխական ուժ, որն ինքը դեռ քաղաքական ուժ դառնալու խնդիր ունի: Հարցեր, իսկապես, առաջանում են: Ունենք ամբողջապես քաղաքական համակարգ ունենալու խնդիր: Էս ընտրությունը որեւէ օրենսգրքի դեպքում չէր լինելու քաղաքական: Լինելու էր, այսպես ասած, հեղափոխության մթնոլորտի տրամադրության ազդեցությամբ: Այս տեսանկյունից՝ ակնկալել հրաշք, որ ԸՕ-ը քաղաքականացնելու էր ընտրությունը, ես կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ»: 

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ խնդիրն այլ է. իրավական համակարգը կկատարի՞ իր դերը, կկանխի՞ նախկին ընտրական համակարգի որեւէ արատավոր մեխանիզմի փորձ անգամ, թե՞ ոչ:

Եթե դա լինելու է, ապա նաեւ փոխվելու է գործարարների մասնակցության մոտիվացիան ընդհանրապես եւ գործարարը չի գնա խորհրդարան, քանի որ մանդատն ու իշխանությունն այլեւս նրան տանիք չեն նշանակի. գալիս են խորհրդարան, որ ի՞նչ անեն: Մնացածը՝ ԸՕ-ի, Սահմանադրության փոփոխությունների հարցը Հակոբ Բադալյանը համարում է օրակարգային՝ առաջիկա 5 տարիների համար եւ պետք է անպայման լուծվեն:

0:00
0:00