ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-15 10:01:21
  • «168 ժամ». Հայկական կողմը չի կարող բավարարել Ադրբեջանի սպասելիքները
  • «Հայկական Ժամանակ». Մեծ հարսանիք
  • «Ժողովուրդ». Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է
  • «Փաստ». Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ

Հայկական կողմը չի կարող բավարարել Ադրբեջանի սպասելիքները

«168 ժամ» թերթն անդրադարձել է հունվարի 16-ին Փարիզում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

Թվով չորրորդ այս հանդիպման վերաբերյալ թերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր դիտարկումները ներկայացնելիս ասել է, որ ինչպես նախորդ հանդիպումները, այս մեկը ևս կձգվի մի քանի ժամ:

Ըստ նրա ակնհայտ է, որ կողմերն ինչ-որ ծրագրեր են քննարկում, ինչն ուրվագծվում է տեղեկատվական այն ֆոնին, որը կար վերջին երկու ամիսների ընթացքում, և այն պայմանավորվածություններից, որը գրանցվեց Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում թեժ գիծ ստեղծելու վարաբերյալ:

Տրամաբանությունը, նրա խոսքով հուշում է, որ առաջիկա քննարկումների ընթացքում հայկական կողմը պետք է պնդի իր հայտնած դիրքորոշումները բանակցային ձևաչաձի վերաբերյալ, քանի որ առանց Արցախի արցախցիների ճակատագիրը չի կարող որոշվել: Բայց դժվար է ասել, թե ինչ խնդիր կդնի հայկական կողմը և ինչպես այն կլուծի: Այնուամենայնիվ, վերլուծաբանի գնահատմամբ՝ իրավիճակը բավականին խոցելի է Հայաստանի համար, Ադրբեջանը խորացնում է համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ, Մերձավոր Արևելքում ևս իրավիճակը փոխվում է, Միացյալ նահանգների դիրքորքշումը ևս զգացնել է տալիս, մի շարք կոչեր են հնչում՝ ակտիվացնել Վաշինգտոնի քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում Թեհրանի և Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

«Բայց այդ ազդեցությունը Ռուսաստանը փորձելու է պահպանել եթե ոչ՝ Հայաստանի, ապա Ադրբեջանի միջոցով: Սրանք բոլորը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդող գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն հայկական կողմի կողմից, քանի որ շատ դաշնակիցներ Հայաստանն այս գործընթացում չունի, պետք է զգույշ գործի: Այնուամենայնիվ չեմ կարծում, որ կողմերը կարողանալու են լուրջ զիջումների գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում»,-ասել է նա:

«Բայց այդ ազդեցությունը Ռուսաստանը փորձելու է պահպանել եթե ոչ՝ Հայաստանի, ապա Ադրբեջանի միջոցով: Սրանք բոլորը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդող գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն հայկական կողմի կողմից, քանի որ շատ դաշնակիցներ Հայաստանն այս գործընթացում չունի, պետք է զգույշ գործի: Այնուամենայնիվ չեմ կարծում, որ կողմերը կարողանալու են լուրջ զիջումների գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում»,-ասել է նա:

Մեծ հարսանիք

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթը ասել է, որ մեծ հարսանիք են անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:

«Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում…»,-պատմել է Դավիթ Գրիգորյանը:

Թերթի հարցին, թե ինչպես է ինքնազգացողությունը եւ տրամադրությունը, Դավիթը պատասխանել է. «Հրաշք է»:

Դավիթ Գրիգորյանն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում: Ապրիլյան պատերազմի հերոսը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն ասել է, որ որեւէ աշխատանք դեռ չի գտնում: Նստակյաց կյանք չի սիրում, եւ չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միեւնույն է՝ գերադասում է ակտիվությունը:

Դավիթից թերթը հետաքրքրվել է, թե հետագայում բուժումը դրսում շարունակելու կարիք ունի՞ արդոք. Ապրիլյան պատերազմի հերոսն ասել է, որ դրա կարիքն ամենեւին էլ չկա, բացի այդ էլ չի ուզում Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել, եւ անկախ ամեն ինչից՝ չի գնալու:

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Հայաստանում ավելի քան 10 օր է հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են շարժվել, եւ առաջիկա օրերին խնդիրը կլուծվի:

«Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչեւ 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում: Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել` այդպես դուրս գալով ստվերից: Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտրոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել»,-գրում է թերթը:

Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ

Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, «Փաստ»-ի ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով, ըստ թերթի, գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում նաև խանութները: «Փաստ»-ի աղբյուրների պնդմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը Բալասանյանների ընկերությանը 4 տարվա արտոնյալ պայմաններ է առաջարկել:

Թերթի տեղեկություններով, Բալասանյանները փորձել են վարչապետ Փաշինյանին մեսիջ հղել, որ եթե նույնիսկ թերացումներ ունեն, պատրաստ են համատեղ ուսումնասիրություն իրականացնել ու աշխատելու ընթացքում վնասները փոխհատուցել, եթե այդպիսիք կան, սակայն որևէ արդյունքի չեն հասել: