ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու գործով դատական նիստը
2019-01-15 10:45:17

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ կքննվեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդությունները:

Դատարանը երեկ մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի միջնորդությունը։

Փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդության հիմքերը մանրամասնելիս նշել է իր ու դատավորի միջև առկա ընկերական որոշակի կապը, նաև երկար ժամանակ ընկերական շփումները դատավորի որդու հետ:

Դատարանը պատճառաբանել է, որ պաշտպան Արամ Օրբելյանի հետ դատավորի կապերն այնպիսին չեն, որ ազդեն դատավորի անաչառության վրա՝ նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հունվարի 10-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ էր հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Դրանից հետո գործը մակագրվել էր դատավոր Արթուր Մկրտչյանին:

Հ. Ալումյանի փոխանցմամբ՝ այսօրվա նիստին Քոչարյանը չի մասնակցի, իր մասնակցության նպատակահարմարությունը չի գտել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը: