ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համաներումն առարկություններով է կյանքի կոչվում
2018-11-06 17:46:47

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է։ Այսօր ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը: Ըստ հաշվարկների՝ համաներման արդյունքում անմիջապես ազատ կարձակվի 342 անձ, իսկ ընդհանուր շահառուների թիվը 6500-ից ավելի է:

Մարդասիրական ակտը, սակայն, միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից: Հիմնական խնդիրները կապված են «Սասնա Ծռեր» խմբի անդամների հետ: Ի դեպ, ժամանակային առումով՝ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ համաներումը կիրառվեց քաղաքական կարեւորագույն իրադարձությունից՝ խորհրդարանական առաջին արտահերթ ընտրություններից առաջ:    

2016 թվականին ՊՊԾ գնդում 8 օր պատանդի կարգավիճակում եղած ոստիկանապետ Վալերի Օսիպյանին բավարարում է համաներման մասին որոշման տեքստը. այնտեղ հստակ նշված է՝ եթե պատադներից կամ տուժածներից առարկություն լինի, ապա համաներումը «Սասնա Ծռեր» խմբի անդամների վրա չի տարածվի: Արդեն հայտնի է, որ դեպքերի ժամանակ զոհվածների հարազատները հստակ առարկություններ ունեն, ոստիկանապետը նրանց զգացմունքները կիսում եւ հասկանում է:


Ոստիկանությունում չեն բացառում, որ մեծ համաներումից հետո կգրանցվեն կրկնահանցագործություններ եւ հանցագործությունների որոշակի տոկոսային աճ կլինի: Այդ ամենին կառույցում պատրաստ են, ինչպես պատրաստ են ընտրակաշառքներին լուրջ հակահարված տալուն: Վալերի Օսիպյանը վստահեցնում է՝ այսօրվանից արդեն  զգոն են եւ ապահովելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրինականությունը: Ընտրություններն, ի դեպ, կազմակերպվելու են հին օրենսգրքով, հետեւաբար ռեյտինգային համակարգը մեծացնում է ընտրակաշառքների հավանականությունը:  

Հեռացող խորհրդարանում իր տեղը Հանրապետական խմբակցության կազմում հենց  ռեյտինգային ընտրակարգով էր ապահովել Ֆելիքս Ցոլակյանը: Իր սկզբունքայնության պատճառով հեռացավ հանրապետականներից եւ արդեն մեկ ամիս է, ինչ Արտակարգ իրավիճակների նախարար է: Այսօր վստահեցնում է՝ նոր թիմում նույնպես պահպանելու է իր սկզբունքյանությունը, չի դառնալու ՔՊ անդամ, բայց ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու է, ռեյտինգայինով նաեւ առաջադրվելու է Շիրակի մազրում:

Վերջին շրջանում մամուլում շրջանառվում է, թե ՔՊ նախընտրական ցուցակում լինելու է նաեւ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի անունը: Այս տեղեկությունն այսօր խորհրդարանում արդեն հերքեց «Ելք» խմբակցությունից պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նախորդ ընտրություններում Ալեն Սիմոնյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքներում: Հաստատում է՝ այս անգամ նույնպես առաջադրվելու է նույն կարգով նույն համայնքում: Իսկ քաղաքական թիմի այն անդամները, որոնք զբաղեցնում են պաշտոններ, բայց ընդգրկվում են  նախընտրական ցուցակում,  քարոզարշավի օրերին արձակուրդ կվերցնեն:

0:00
0:00