ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռեստորատորներն ու հարկահավաքները փորձում են համաձայնության եզրեր գտնել
2019-01-15 12:27:17

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2019-ը ռեստորանների սեփականատերերը սպառնալիքով սկսեցին՝ մեկ օրով փակել ռեստորանների դռները՝ չսպասարկելով հաճախորդներին: Նրանք դժգոհ են պարբերաբար փոփոխությունների ենթարկվող հարկային օրենսդրությունից: Արդեն վեց ամիս է փոխվել է նրանց հարկատեսակը՝ արտոնագրային վճարների փոխարեն շրջանառության հարկի դաշտում են:

0:00
0:00

Ռեստորանների հայկական միության համակարգող Աշոտ Բարսեղյանն է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը. «Մեր բողոքը հետևանքների վերաբերյալ էր, եթե մենք շատ արագ աճեցնում ենք հարկերը, ոլորտն այլևս իր եկամուտների հաշվին չի կարողանում չեզոքացնել գների աճը: Ինչքան անուղղակի հարկերը ավելացրին, հիմա դա կլինի 8 տոկոս, թե 30, կապ չունի: Մենք դա տրանսֆորմացիա ենք անելու գնի մեջ, փոխանցելու ենք հաճախորդին, հաճախորդն է սկսելու ավելի վճարել»:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ հունվարի 1-ից շրջանառության հարկը 6 տոկոսից 8 տոկոս, իսկ արդեն 2020-ից 10 տոկոս է դառնալու: Հուլիսի մեկից շրջհարկը 6 տոկոս էր.

«Ավել վճարածի հետևանքով մենք կանխատեսում ենք սպառման մակարդակի նվազում, իսկ սա մեր հաստատուն ծախսերի պարագայում սկսում է այնքան նվազեցնել մեր եկամուտը, որ որպես ներդրող այլևս ոլորտի նկատմամբ կորում է հետաքրքրությունը, ներդրումներ անել ու բիզնես ունենալ»:

Նախկինում Հարկային օրենսգրքի կարգավորումներով, արտոնագրային հարկով հարկվում էին միայն մինչև 100 քառակուսի սպասարկման մակերես ունեցող հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները: Մյուսները, ըստ Հարկ վճարողների պաշտպանություն կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանի, հարկման ընդհանուր դաշտում էին հայտնվում՝ առնվազն 16,67 տոկոս ԱԱՀ, ընդհանուր սահմանված կարգով նաև հաշվարկում էին շահութահարկ: «Ռադիոլուրի» հետ զրույցում մասնագետն ընդգծում է՝ ՓՄՁ խորհրդում են հարցը քննարկել.

«Մեր արգումենտը հետևյալն էր, եթե պետությունը էական բեռ է փոխվում, խաղի կանոններ է փոխում, առնվազն պետք է ժամանակ հատկացնի սուբյեկտին՝ իր վարքագիծը փոխելու համար, նոր պայմաններին հարմարվելու համար: Մարդիկ ներդրումներ են արել, դրույքաչափը կտրուկ փոխելը սուբյեկտների համար առնվազն անհասկանալի է»:

Հենց այս քննարկումների արդյունքում է կառավարությունը որոշել անցնել շրջանառության հարկի դաշտ: Սա, զրուցակցիս խոսքով, արդարացված է.

«Արտոնագրայինի դեպքում երկու սուբյեկտ ունենալով սպասարկման նույն քառակուսի մետր տարածքը, տարբեր գնային քաղաքականության շնորհիվ տարբեր բեռ էին ունեում : Մեկը ավելի ցածր գնային սեգմենտում էր աշխատում, իր իրացման ու վճարած հարաբերակցությունը ավելի բարձր էր մյուսի հետ համեմատած, որը ավելի բարձր գների իրացում ուներ, նույն բեռն էր վճարում:

Ռեստորանների հայկական միության համակարգող Աշոտ Բարսեղյանը հստակեցնում է՝ ցանկանում են շրջանառության հարկի դաշտում աշխատել, սակայն դրույքաչափն է խնդիրը:

Նախկին դրույքաչափը, որը գործում էր 2018թ հուլիսի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը, մեր ոլորտի համար հանդիսանում է օպտիմալ բեռ: Համաձայնության եկանք, որ այդ օպտիմալ բեռը մի քանի տարով սառեցնենք»:

Մի քանի տարին հինգ տարին է ոլորտում կայանալու և հաջողության հասնելու համար՝ ասում է Աշոտ Բարսեղյանը։ Կառավարությունում նրանց բողոքին անձամբ վարչապետն է արձագանքել: Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս այս կառավարության ազդակներն է փոխանցել.

«Առաջարկել ենք աշխատելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք ու հարստացրեք՝ մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որը այս բանաձևի առաջին մասը ջնջում է՝ կենտրոնանալով առաջին մասի վրա»:

Ռեստորանների հայկական միության համակարգող Աշոտ Բարսեղյանը, փոխանցելով կառավարությունում հանդիպման մանրամասները, ասում է՝ պետությունը պետք է ապահովի մնացած տնտեսվարողների ճիշտ փաստաթղթավորումն ու ծախսագրումը, որպեսզի կարողանան ապահովել գանձնման ճիշտ մեխանիզմներ: «Ռադիոլուրի» զրուցակիցն արձանագրում է՝ այժմ դեռ շրջհարկի 8 տոկոս դրույքաչափով են հարկվում, սպասում են, որ ՊԵԿ-ի հետ ի վերջո փոխհամաձայնության գան: