ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ փոխնախագահներն ընտրվեցին
2019-01-15 13:12:00

Խորհրդարանում ավարտվել է ԱԺ փոխնախագահների ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Լենա Նազարյանը ԱԺ փոխնախագահ է ընտրվել ձայների 124 կողմ, 3 դեմ հարարաբերակցությամբ։ Ալեն Սիմոնյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 109, դեմ` 20 պատգամավոր։ Վահե Էնֆիաջյանը ստացել է 108, իսկ Մանե Թանդիլյանը` 19 կողմ ձայն:

Այսպիսով, ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնը ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Խորհրդարանական մեծամասնությունը թեև նախապես հայտարարել էր, որ պաշտպանելու է ընտրողների ավելի մեծ քվե ստացած ուժի ՝ ԲՀԿ-ի թեկնածուին, բայց «Լուսավոր Հայաստանը» որոշել էր «կռիվ տալ» մինչև վերջ: Էդմոն Մարուքյանն այսօր քվեարկությունից առաջ ասել էր, որ եթե ԲՀԿ թեկնածուն ընտրվի «Լուսավոր Հայաստանը» կհամարի, որ խորհրդարանը ընդդիմադիր փոխխոսնակ չունի:

Մարուքյանի դիտարկումները ստիպել էին խորհրդարանական ամբիոնին մոտենալ ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Ծուրջ 15ամյա պատգամավորական գործունեության ընթացքում Գագիկ Ծառուկլյանը ԱԺ ամբիոնից ելույթ էր ունեցել առաջին անգամ , ինչպես ինքն է ձևակերպել՝ կլասիկ պատգամավորին մի քանի բան ասելու համար.

«Երեկ ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, ինքը չլիներ, ես կլինեի 2-րդը, դե «Իմ քայլին» էլ, կարելի է ասել, չլիներ, կլինեինք առաջինը: Մենք այստեղ թշնամիներ չենք, թող հարցն ու խնդիրը ներկայացնեն, որն ավելի լավ ու օգտակար կլինի, կյանքի կոչենք»։

«Իմ Քայլը» խմբակցությունն ինքն իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը՝ ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, նշել, որ եթե ընտրեր երկու թեկնածուների միջև այլ՝ հավասար պայմաններում, նախապատվությունը կտար կին թեկնածուին:

Միրոզյանն ասել է, որ մեծամասնությունը ԱԺ փոխխոսնակի հարցում կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին, բայց ԱԺ կարևորագույն հանձնաժողովներից մեկի նախագահությունը կհամաձայնի հանձնել «Լուսավոր Հայաստանին»:

Հանձնաժողովների թվի որոշմանը և դրանց նախագահների ընտրությունը խորհրդարանն անցնելու է ԱԺ փոխնախագահների քվեարկությունից հետո:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովները ձևավորվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում:

«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է 7-րդ գումարման խորհրդարանում ունենալ 11 մշտական հանձնաժողով: Նախորդ գումարման խորհրդարանում դրանք եղել են 9-ը: Ավելանում են մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի և տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով գործել է Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների ժամանակ: 6-րդ գումարման խորհրդարանում, սակայն այն միավորվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին:

Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությունը հեղինակները պայմանվորում են ԵԱՏՄ անդամ պետությունների, Իրանի և Վրաստանի հետ համագործակության հետագա խորացման, ԵԱՏՄ պայմանագրի շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների պաշտոնները բաշխվում են Դոնթի բանաձևով ՝ համամասնորեն: Ըստ դրա ՝ ընդդիմադիր ուժերը ՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, կունենան 1-ական հանձնաժողովի նախագահ: