ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ատելության խոսքը ստանում է համատարած բնույթ. ՄԻՊ-ը՝ ներման գործընթացի շուրջ քննարկումների մասին
2019-01-15 14:10:33

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում:

Ինչպես հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել` 

  • Անթույլատրելի է, երբ քննարկումը զուգորդվում է հարցի, այդ թվում՝ հանցանքի համար պատիժ կրող անձի, նրա կնոջ, հարցի վերաբերյալ կարծիք հայտնող այլ անձանց նկատմամբ վիրավորանքով և նրանց մասնավոր ու ընտանեկան կյանքին շարունակական միջամտությամբ: Դիտարկումն արձանագրել է նաև տուժողի իրավահաջորդների նկատմամբ վիրավորանքի, նրանց մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտության ու կրկնակի զոհացման (վիկտիմիզացիայի) դեպքեր։ Իհարկե, որևէ հարցի հանրային ազատ քննարկումը ժողովրդավարական կարևոր ձեռքբերում է: Դրանով հանդերձ՝ ցանկացած այդպիսի քննարկում պետք է ընթանա այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում: Մարդու արժանապատվությունն անխախտելի է և կազմում է յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների անփոխարինելի հիմքը: 
  • Պետք է նկատի ունենալ, որ կոնկրետ իրավիճակում ներման խնդրագրի քննարկման հարցով տեղի է ունենում իրավական ընթացակարգ: Սա ենթադրում է այդ ընթացակարգի կանոնների պահպանում, ինչպես նաև այդ գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ: Ակնհայտ է, որ պետությունը բավարար աշխատանք չի տարել ներման ինստիտուտի էության, ներման գործընթացի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ։ 
  • Մարդու իրավունքների պաշտպանը, հատկապես վերջին տարիների հաղորդումներում ու զեկույցներում հետևողականորեն արձանագրել է, որ տարիներ շարունակ Հայաստանի քրեակատարողական համակարգն ունեցել է պատժողական բնույթ: Չնայած պետության պոզիտիվ պարտավորությանը՝ գրեթե բացակայել են դատապարտյալի վերասոցիալականացման ուղղությամբ նրա հետ տարվող աշխատանքները, չեն իրականացվել վերականգնողական ծրագրեր։ Հանրության հետ չեն տարվել իրազեկման անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենի արդյունքն էլ քրեակատարողական քաղաքականության և մասնավորապես՝ պատժից ազատելու հետ կապված հանրային բուռն, իսկ կոնկրետ իրավիճակի առնչությամբ՝ ատելության խոսքի հասնող արձագանքն է: 
  • Երկրում քրեական քաղաքականության իրականացման և պատժից ազատելու ինստիտուտների կիրառման գործընթացում չպետք է անտեսվի նաև հանցանքից տուժած անձի լսված լինելու և կարծիք արտահայտելու իրավունքը: Պետությանն է վերապահված նրանց աջակցության ու մյուս իրավունքների ապահովման խնդիրը: Ուստի, իրավական բարեփոխումների քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս պետք է նկատի ունենալ նաև այդ հարցերը: 
  • Այս հարցում չափազանց կարևոր է նաև լրատվամիջոցների ու լրագրողների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում է հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից: