ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեղուկ գազի գինը հնարավոր է իջնի
2019-01-15 17:22:52

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը բարվոք չէ: Հայաստանում ավելի քան մեկ շաբաթ է հեղուկ գազ համարյա չկա: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել:

Հեղուկ գազի ներդրմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները վարորդներին հուսադրում են՝
հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են Հայաստան շարժվել: Գազը չի թանկանա, ավելին՝ հնարավոր է անգամ ավելի էժան լինի, ասում են ներկրողները։

0:00
0:00

Դեպի Շենգավիթ տանող ճանապարհին կա հեղուկ գազի լցակայան, որի հասցեն վերջին մի քանի օրերին հատկապես երևանցի վարորդներն անգիր գիտեն: Այս պահին սա քաղաքի եզակի գազալցակայաններից է, որտեղ դեռ չի վերջացել հեղուկ գազի պաշարը: Մոտ մեկ շաբաթ է Հայաստան հեղուկ գազ ներմուծող ընկերություններն ու հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաների վարորդները հայտնվել են խնդրի առջև:

«Տեղյակ չենք՝ ինչ պատճառով է, որ հեղուկ գազ չկա: Նորմալ գազ լցնում ենք, ով, ինչքան ուզում է»: 

Առատ ձյան, եղանակային վատ պայմանների և անանցանելի ճանապարհների պատճառով Ռուսաստանից, նաև  Իրանից ներմուծվող հեղուկ գազը չի հասնում լցակայաններ: Վերջին մի քանի օրերի ընթացքում գազալիցքավորման կայաններում գազի պահուստները սպառվել են, աշխատում են մի քանիսը:

Վարորդներն սպասում են ինչպես գազի լիցքավորման կայանների հերթերում, այնպես էլ հեղուկ գազի նոր պաշարների  գալուն: Հեղուկ գազի չսպառված պաշարների մի քանի հասցե էլ գիտեն, ասում են՝ մյուս վարորդներն էլ իմանան:

«Գրիբոյեդովի փողոցի գազալցակայանում էլ գազի պաշար կա, էլի մի քանի տեղ Երևանում, բայց բոլոր տեղերում էլ մեծ հերթեր են»: 

Ներմուծման դժվարությունները պայմանավորված են ճանապարհների անանցանելիությամբ՝ ասում է «Գազ պրոպան» ընկերության փոխտնօրեն Ժիրայր Յախանեջյանը: 4 օր 3 գիշեր գազ չեն ունեցել, այսօր արդեն վարորդների համար լավ նորույթուններ ունեն:

«Մեր լցակայանները երեկ գիշերը ժամը 2-ից արդեն աշխատում են»: 

Նման դեպքեր էլի եղել են՝ հիշում է Յախանեջյանը: Իրանական գազն այս դեպքերում այլընտրանք ինչո՞ւ չի լինում, գործարարը պատասխանում՝ իրանականի որակը չի գոհացնում:

Հեղուկ գազի սպառման աննախադեպ աճ է արձանագրվել, քանի որ Հայաստանում շեշտակի աճել է հեղուկ գազով ավտոմեքենաների պահանջարկը։ Չե՞ն թանկացնի արդյոք հեղուկ վառելիքի գինը պայմանավորված այս խնդրով, «Գազ պրոպան» ընկերության փոխտնօրենը պատասխանում է:

«Իհարկե ոչ, ո՛չ, ո՛չ, ո՛չ: Հակառակը՝ աշխատում ենք, որ նույնիսկ կարող է նվազեցնենք գինը»: 

Վրաստանում մեր թղթակից Գիտա Էլիբեկյանին Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ավտոճանապարհային վարչությունը հայտնել է, որ Դարիալի կիրճում առատ ձյան պատճառով Կազբեկի սահմանային անցակետը արտակարգ ռեժիմով է աշխատում։ Սողանքների պատճառով ավտոտրանսպորտի տեղաշարժը սահմափակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի Կոբի հատվածում։

Դարիալի կիրճում ձնամաքրաման աշխատանքների դեպքում սահմանային անցակետը կվերադառնա բնականոն աշխատանքին՝ հայտնել են Վրաստանի պատասխանատուները։