Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»
Հունվարի 15-ը պատմական օր Մեծ Բրիտանիայի համար։ Բրիտանական խորհրդարանում այսօր քվեարկության է դրվում «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը:
Ըստ կանխատեսումների, պատգամավորները դեմ են քվեարկելու վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած փաստաթղթին, ինչը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել․ քվեարկության արդյունքում կարող է տապալվել ոչ միայն փաստաթուղթը, այլ նաև գործող կառավարությունը:
Դուբլինի քաղաքային համալսարանի ասպիրանտ, «Բրեքզիթ»-ի ինստիտուտի ասոցացված անդամ Սոսե Մայիլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցեց, որ, ամենայն հավանականությամբ, Թերեզա Մեյի առաջարկած փաստաթուղթը խորհրդարանը հավանության չի արժանացնի, և վարչապետը ժամանակ կխնդրի, որպեսզի կարողանա նոր նախագիծ ներկայացնել:
Սոսե Մայիլյանը միաժամանակ նշում է, որ ԵՄ-ն «Բրեքզիթի» հարցով իր կոշտ դիրքորոշմամբ փորձում է որոշակիորեն կանխարգելել անդամ երկրների՝ միությունը լքելու հետագա հնարավոր փորձերը։
Հատված «Ռադիոլուր»-ի 18․00-ի թողարկումից