ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-16 10:04:51
  • «Առավոտ». Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ
  • «Հայկական Ժամանակ». Որ ոչ ոք չկարողանար փակել, բարձունքում պիտի լիներ
  • «Ժողովուրդ». Իրավիճակը մտահոգիչ է
  • «Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը

Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ

Կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխությունների, մասնավորապես սպորտի նախարարության օպտիմալացման հետ կապված «Առավոտ»-ը զրուցել է հունահռոմեական ոճի ըմբիշ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ:

Թերթի հարցին՝ սպորտի նախարարության գործառույթները եթե դրվեն կրթության գիտության նախարարության վրա, մտահոգություններ չունե՞ք, դա ճի՞շտ լուծում է սպորտի համար, Ջուլֆալակյանը պատասխանել է, որ միայն կրթության գիտության նախարարության վրա չի դրվելու գործառույթը, լինելու է սպորտի փոխնախարար, որը զբաղվելու է սպորտի հարցերով: Դեռ շարունակվում են քննարկումները, փոփոխությունների հիմնավորումն այն է, որ առանձին-առանձին վերցրած նախարարությունները, ոչ միայն սպորտի, այլ նաև որոնք ներառվել են, նախկինում որոշ դանդաղկոտություն են ցուցաբերել, որոշ դեպքերում էլ՝ ոչ արդյունավերություն:

Հիմա կա որոշումների արագ իրականացման, այսինքն՝ արդյունքների արագ գրանցման խնդիր: Եվ դա է եղել գլխավոր մղիչ ուժը օպտիմալացնելու, այլ ոչ թե ֆինանսական կրճատումը, ինչը որ փորձ է արվում հաճախ ներկայացնել:

Արսեն Ջուլֆալակյանն ասել է, որ ինքը մի քանի առաջարկներ է մերկայացրել ԿԳ նախարարին ու այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միզոյանին. «Պատկերացնում եմ, որ փոքր ծավալով նախարարություն լինի՝ սպորտի, մշակույթի և տուրիզմի»:

Ճշտող հարցին՝ այսինքն կո՞ղմ եք նախարարության օպտիմալացմանը՝ Ջուլֆալակյանը պատասխանել է. «Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ»:

Որ ոչ ոք չկարողանար փակել, բարձունքում պիտի լիներ

Վերջերս ամենաշատ քննարկվող խնդիրներից մեկին՝ Սփյուռքի նախարարության հարցին է «Հայկական ժամանակ»-ում անդրադարձել սփյուռքագետ Նորայր Անդրեյանը:

Նա նախարարությունը լուծարելու կողմանակից է, սակայն անհրաժեշտ է համարում սփյուռքի համար համապատասխան նոր՝ անկողմնակալ, բանիմաց ու գործին նվիրված կադրերով կառույցի ձևավորումը, որը կմիավորի ամբողջ սփյուռքահայությանն ու հավասարապես կհամագործակցի բոլոր սփյուռքահայերի հետ:

«Կարծում եմ ժամանակն ու իրավիճակները ցույց տվեցին, որ Սփյուռքի համար անհրաժեշտ կառույցը պետք է լինի ոչ թե «Սփյուռքի նախարարություն», այլ «Սփյուռքի հետ կապերի գերատեսչություն», գուցե կառավարությանն առընթեր կոմիտեի կարգավիճակով, որն Սփյուռքի հետ կապերը հագեցնելու աջակցությունն ունենալու համար, կարողանա ավելի ազատ գործակցել և՛ կառավարության, և՛ ստեղծագործական միությունների, և՛ գիտա-մանկավարժական, և՛ հասարակական ու այլ կազմակերպությունների հետ: Եվ այն դրական նոր լիցքեր կհաղորդի բոլոր հայկական համայնքներին, ողջ հայությանը: Այս կերպ միայն այն կարելի է դարձնել իսկական Սփյուռքի տուն»

«Կարծում եմ ժամանակն ու իրավիճակները ցույց տվեցին, որ Սփյուռքի համար անհրաժեշտ կառույցը պետք է լինի ոչ թե «Սփյուռքի նախարարություն», այլ «Սփյուռքի հետ կապերի գերատեսչություն», գուցե կառավարությանն առընթեր կոմիտեի կարգավիճակով, որն Սփյուռքի հետ կապերը հագեցնելու աջակցությունն ունենալու համար, կարողանա ավելի ազատ գործակցել և՛ կառավարության, և՛ ստեղծագործական միությունների, և՛ գիտա-մանկավարժական, և՛ հասարակական ու այլ կազմակերպությունների հետ: Եվ այն դրական նոր լիցքեր կհաղորդի բոլոր հայկական համայնքներին, ողջ հայությանը: Այս կերպ միայն այն կարելի է դարձնել իսկական Սփյուռքի տուն»,- գրում է նա:

Հրապարակման հեղինակը համոզված է՝ ներկա ժամանակի հրամայական պահանջ է, որ այդ գերատեսչական կառույցը դառնա հավասարապես երկսայր՝ կազմակերպելու և՛ հայրենիք-Սփյուռք կապերը, և՛ ներգաղթի կազմակերպումը: Այն անվանելով «Սփյուռքի հետ կապերի և ներգաղթի ...», որի համար խիստ անհրաժեշտ կլինի ձևի և բովանդակության համապատասխանությունը:

«Իհարկե սա շատ նուրբ հարց է և պետք է զգուշորեն մոտենալ խնդիրներին: Չէ որ Հայաստանն ունի Սփյուռքի, ինչպես նաև ներգաղթի հետ աշխատանքները կազմակերպելու անցյալ (նաև դառը փորձ), հանձին «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի» (որը վերջում դարձավ «Սփյուռքահայության հետ կապերի կոմիտե») և «Ներգաղթ կոմիտեի»: Բարի համբավ ունեցող կառույցներ, որոնք սովետական «երկաթյա վարագույրի» պայմաններում գործելով, արժանապատիվ հիշողություն թողեցին», - գրում է Նորայն Անդրեյանը:

Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Երևանի պետական համալսարանի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում, որը տեղի է ունենալու հունվարի 22–ին, օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:

Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Եվ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է:

«Քննարկվում են նաև այլ տարբերակներ, սակայն, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա: Նախկինում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն անցած տարեվերջին իր նախաձեռնությամբ հրաժարվել էր նաև այս պաշտոնից»,- գրում է «Փաստ»-ը:

Իրավիճակը մտահոգիչ է

«Ժողովուրդ»-ը հիշեցնելով, որ Հայաստանում H1N1 վիրուսից՝ խոզի գրիպից, մահացության երկու դեպք է գրանցվել՝ գրում է, որ հատկապես մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված. սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբով հիվանդացած երեխաների թիվն այնքան շատ է, որ բժիշկները նրանց ստիպված տեղավորել են այլ բաժանմունքներում:

Թերթը չի բացառում` ստեղծված իրավիճակի հետեւանքով առաջիկա օրերին հրահանգվի դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները մոտ 10 օրով դադարեցնելու մասին:

Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրել են, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ: Ըստ թերթի աղբյուրների` առանց նախարարության առաջարկի շատ ծնողներ այս օրերին խուսափում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկելուց` վախենալով հիվանդանալուց: