ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ երկրորդ նախագահի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
2019-01-16 15:07:49

Տեղադրվել է 10:55
Լրացվել է      15:07

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին ժամը 17։30-ին՝ դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է գործով հսկող դատախազ Վահագն Մուրադյանը։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մանարամասնել է, որ քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում իրենք կալանքը գրավով փոխարինելու նոր միջնորդությամբ են հանդես եկել, իսկ գումարի չափը չեն սահմանել, թողել են դատարանի հայեցողությանը:

Քոչարյանի պաշտպանը նաև նշել է, որ նիստի ընթացքում ավելի քան 15 տեսաերիզ են ներկայացրել, որոնք հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվել էր քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը երեկ ասել է, որ դատարանը հարցեր է տվել քննիչին, դատախազներին, լսել է պաշտպանների ներկայացրած առարկությունները, սակայն նիստը հետաձգվել է և կշարունակվի այսօր:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց առարկությունները ներկայացրել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ու տեսանյութերի միջոցով։ Մասնավորապես, նա նշել է, որ դատարանին են փոխանցելու Մարտի 1-ի օրերի հանրահավաքներից տեսանյութեր։

Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ: