ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը
2019-01-16 19:50:39

Լրացվել է 19:50

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ այսօր Փարիզում կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։

 

Տեղադրվել է 12:05

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր Փարիզում սպասվում է նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Միլանում: Հայաստանի արտաքին գերատեսչությունն այդ հանդիպումից հետո տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն։

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հաջորդ հանդիպումը սպասվում է 2019-ի հունվարին: Նրա խոսքով, երեք ժամ տևած բանակցությունները կարևոր և օգտակար էին միմյանց տեսակետները ավելի լավ հասկանալու տեսանկյունից: